Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա. Արայիկ Հարությունյան
Սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նախօրեին ընդունելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը նշել է, որ թեև հանրապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:
«Լինելով փոքր հանրապետություն՝ տարբեր մարզաձևերից ունենք աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ և առաջնակարգ մրցանակային տեղեր գրաված բազմաթիվ մարզիկներ: Նրանց գերազանց ելույթները ոչ միայն բարձր են պահում հայկական սպորտի պատիվը, այլև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի են դարձնում Արցախը»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա, և նախարարի ուշադրությունն է հրավիրել՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հավաստիացրել է, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում գործնական քայլեր կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան