Ոստիկանապետ. Թույլ չտալ հետընթացի փորձ առկա ձեռքբերումներից
Կարգ խախտող ցանկացած ոստիկան խստագույն պատասխանատվության կենթարկվի: Հայտարարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, Վ. Գասպարյանն արտաքին ծառայության և հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է պահանջկոտ լինել ողջ գործընթացի, յուրաքանչյուր ծառայողի աշխատանքի հանդեպ, բարեփոխումների ոգուն հավատարիմ՝ թույլ չտալ հետընթացի փորձ անգամ առկա ձեռքբերումներից և ընդհանրական դարձնել գիտակցությունը, որ ծառայությունն օրենքին ու ժողովրդին գերակա խնդիր է:
Նա կարևորել է նաև հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ կարգադրելով գործել բացառապես օրենքի շրջանակներում, նույնպիսի օրինահարգություն պահանջելով նաև քաղաքացիներից, «քանզի քաղաքացին, հասարակություն-ոստիկանություն փոխգործակցության շրջանակում, նույնպես պատասխանատու է հասարակական կարգի պահպանման համար»:
Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական գործունեությանը՝ ոստիկանության պետը կարևորել է անձնական ունեցվածքի հանդեպ հանցավոր ոտնձգությունների հակազդումը և պատասխանատուներին հանձնարարել է լիարժեք իրականացնել կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը, ինչպես և հետևողական լինել այդ ուղղությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան