Սյունիքի մարզում երեք անչափահասներ կեղծ գումարներ են կրկնօրինակել ու կատարել գնումներ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ. կասկածյալներն անչափահասներ են։ Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական քննության տվյալներով, նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 և 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող։
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաև համակարգիչների պրոցեսորներ։ Առգրավվել և զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները և կեղծ թղթադրամը:
Անչափահասները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան