Մակարյան. «ՌԴ վերաբերմունքը ցույց էր տալիս, որ Հայաստանը ուրիշ տարբերակ չուներ»
ԵՏՄ անդամակցությունն ավելի շատ բխել է անվտանգության շահերից,- այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«ՌԴ վերաբերմունքը ցույց էր տալիս, որ Հայաստանը ուրիշ տարբերակ չուներ: Հայաստանը պետք է այդ որոշումը կայացներ, որպեսզի չհայտնվեր ձիու սմբակների տակ, որը մեզ կարող է շատ արագ տրորել, շատ ավելի դաժան տրորել, որը տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»,-նշեց Մակարյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ուզում մենակ մնալ աշխարհում, որովհետև ունի գլոբալ խնդիրներ. շատ տարբեր կրոնների բնակչություն, ռեգիոների միջև էական տարբերություն, բարձր կոռումպացվածություն, էլեկտրոնիկայի, մեխանիկայի և ճշգրիտ ինժեներինգի հետամնացություն, որը թույլ չի տալիս Ռուսաստանի գործարանների տեխնոլոգիաները մոդեռնիզացնել և ստեղծել ժամանակակից տնտեսությանը բնորոշ բազա. «Ռուսաստանը գնում է մի տրամաբանությամբ՝ եթե ես չեմ զարգանում, ապա ինչ անեմ, որ ուրիշ պետություններն էլ չզարգանան, դանդաղեցնեն զարգացվածությունը»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ն բաղադրությանը, Հայաստանի գործատուների միության նախագահը մանրամասնեց. «Բոլոր երկրները հետամնաց, բարձր մակարդակով կոռումպացված են, տնտեսապես գտնվում են միջին, միջինից ցածր տնտեսական աճման տեմպերի մեջ: Այստեղ կրոնական, քաղաքական, տնտեսական շահերը ակնհայտորեն բախվում են»:
Նրա կարծիքով՝ Հայաստանը երբեք իր բանակցությունների իրավունքը Եվրոպական միության հետ չպիտի փոխանցի ԵԱՏՄ միավորին, պետք է փորձի «սոլո» հանդես գալ իր բանակցությունների մեջ:
«Իրանի գործոնը ևս շատ կարևոր է մեր երկրի համար: Իրանն ունի ութսուն միլիոն բնակչություն և կարող է շատ լավ բալանսավորել հարաբերությունները՝ քաղաքական և տնտեսական առումով: Հայաստանը եվրոպական երկրների համար կարող է տնտեսական առումով հետաքրքիր լինել միայն Իրանի հետ զույգավորված պրոցեսի մեջ, եթե մենք միայնակ հանդես գանք, ապա երեք միլիոնանոց երկիրը բացարձակ հետաքրքրություն չի ներկայացնում»,- հավելեց Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը