Դավթաշենի շենքերից մեկի վերելակում ավազակային հարձակում գործածներին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում` վերելակի մեջ, 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով և բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ միասին և դրամապանակը, որի մեջ եղել է գումար և իր վարորդական իրավունքի վկայականը, ապա դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:
Լ. Եղիազարյանը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Հստակեցվել է նրանցից յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևան քաղաքի բնակիչներ 1996թ. ծնված Հ. Մելքոնյանին և 1986թ. ծնված Գ. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: