Վարչապետ. Դիվանագիտական կորպուսը պետք է ջանքեր գործադրի իր տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար
ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված են Հայաստանի սահմանափակ ռեսուրսներով ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններով,- «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Լինելով փոքր տնտեսություն, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, և մասնակիորեն գտնվելով նաև ցամաքային շրջափակման մեջ` ստեղծված անբարենպաստ իրողությունները մեզ պարտադրում են լինել ավելի ակտիվ ու աչալուրջ` օգտագործելու թեկուզ ամենափոքր հնարավորությունները` տնտեսության զարգացման համար»,-ասել է նա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ներգրավման ընդլայնմանն ու խորացմանը և համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը:
«ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքում տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման հրամայականը»,-ասել է նա:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը նշել է, որ ԵԱՀԿ-ի ժամանակակից տնտեսական օրակարգը մասնակից պետությունների կառավարություններին առաջարկում է ազգային ռազմավարությունների մշակման գործում համագործակցել հետևյալ ուղղություններով՝ արդյունավետ պետական կառավարում և պայքար կոռուպցիայի դեմ, պայքար փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ և այլն:
Նշվել է, որ ԵԱՀԿ քարտուղարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց: Կառույցի համար կարևոր ուղղություններից է նաև աշխատանքային միգրացիան: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են տնտեսական աճի պայմանների բարելավմանը, ներդրումների ներգրավման համար դաշտն ավելի գրավիչ դարձնելուն: 2017 թ.-ին Երևանում ԵԱՀԿ գրասենյակն սկսելու է իրականացնել ծրագրեր, որոնց նպատակն է բարելավել բիզնեսի միջավայրը երկրում, օժանդակել նոր ներդրումների ներգրավմանը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը, կարևորելով նմանատիպ լսումների անցկացումը, նշել է, որ բաց և թափանցիկ երկխոսությունը խորհրդարանի և այլ շահագրգիռ անձանց միջև առանցքային, կենսական նշանակություն ունի: Ըստ զեկուցողի՝ նմանատիպ միջոցառումներն ավելի թափանցիկ են դարձնում խորհրդարանի քաղաքականությունը և որոշումների կայացումը: