Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2016թ-ին աճել է 20%-ով. Բագրատ Ենգիբարյան
2016 թվականի ՏՏ ոլորտի շրջանառությունը կկազմի ավելի քան 500 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20%-ով: Այս մասին այսօր ամփոփելով 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքներն՝ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքերով՝ այս տարի աննախադեպ թվով նոր ընկերություններ են ստեղծվել: Ընդհանուր առմամբ՝ ՏՏ ոլորտում կա 540 ընկերություն, որոնցում աշխատում է 16 հազար մասնագետ:
Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի խոշոր ծրագրերը մշակվում և իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ-ին՝ Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«ՁԻՀ-ը ձևավորված առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է մեր երկրում, որը դարձավ ՏՏ ոլորտի զարգացման մոդել ոչ միայն Հայաստանում, այլ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս մոդելը ապացուցեց, որ ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65%-ը իրականացվում է ոչ պետական միջոցներից: Ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշը համարվում է շատ մեծ հաջողություն»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն առաջինն էր, որ նախաձեռնեց ՏՏ ոլորտի լայնամասշտաբ կրթական ծրագրեր՝ ինչպես կարճաժամկետ դասընթացների, այնպես էլ բուհերի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագրերի ձևաչափով: Ոլորտի մասնագետների ավելի քանի 50%-ը պատրաստվել և պատրաստվում են ՁԻՀ-ի կողմից, իսկ կրթական ծրագրերի շահառուների քանակը գերազանցում է 20.000-ը։
Ծրագրավորման առաջին մրցույթները, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման և զարգացման առաջին ինկուբացիոն ծրագրերը նույնպես իրականացվել են հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ՝ ՁԻՀ ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն: Նշենք նաև, որ ոլորտի կազմակերպությունների ավելի քան 70%-ը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՁԻՀ-ի հետ, տարեկան միջինում շահառու կազմակերպությունների թիվը գերազանցում է 200-ը։ Ոլորտում իրականացված ներդրումների ծավալը, որոնք եղել են հիմնադրամի նախաձեռնությամբ, գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը:
Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ ՁԻՀ-ն ամեն տարի իրականացնում է ոլորտի հետազոտություն և ակտիվ մասնակցություն ունի ՏՏ ոլորտի զարգացման բոլոր ռազմավարությունների և մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում:
Հիմնադրամն աջակցում է նաև մի շարք երկրների կառավարությունների ՏՏ ոլորտի զարգացման հարցում, դրանց թվում՝ Մոլդովային, Մոնտենեգրոյին, Բահրեյնին, Ջամայկային, ինչպես նաև Թայվանի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ավելի քան 30 տեխնոլոգիական ինկուբատորների:
ՁԻՀ-ի տնօրեն կարևորեց նաև այն, որ Հիմնադրամը ստանձնել է երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, շուկայի համար մրցունակ կադրերի վերապատրաստման, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը՝ ստեղծելով մի շարք ուսումնական, ինովացիոն կենտրոններ, այդ թվում՝ ԵՊՀ-ում գործող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և նորաբաց Ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և ANEL–ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ):
«Ինովացիոն ու կրթական կենտրոնները ծառայում են ոլորտով հետաքրքրվող ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և մասնագետներին՝ որպես տեխնոլոգիական վերջին ձեռքբերումների, տեխնո կրթության, միջազգային գիտելիքի հասանելիության աղբյուր, ինչպես նաև աջակցում են սկսնակներին՝ սեփական գաղափարներն իրականություն դարձնելու հարցում»,- ասաց Բ.Ենգիբարյանը՝ հավելելով, որ ՁԻՀ-ի շնորհիվ 2012 թվականից մինչ օրս Երևանում և մարզերում վերապատրաստվել են 20 հազարից ավելի աշակերտ, ուսանող, հաշմանդամություն ունեցող անձ, մասնագետ և դասախոս, աջակցություն է ստացել ավելի քան 500 թիմ և ընկերություն:
ՁԻՀ-ի գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ Բագրատ Ենգիբարյանը համարում է Հայաստանի մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնումը, ինչը թույլ է տալիս հավասարաչափ զարգացնել ՏՏ ոլորտը երկրում՝ ողջ ռեսուրսները չկենտրոնացնելով միայն Երևանում: Ըստ նրա՝ ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:
Տեխնոլոգիական կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների՝ կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն
ՁԻՀ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև Հայաստանի ՏՏ ոլորտի առաջխաղացումը արտերկրում, վերազգային խոշոր ընկերությունների հետ համագործակցությունը, ինչպիսիք են Մայքրոսոֆթ, IBM, Նեյշնլ Ինսթրումենթս, Դ-Լինկ, Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Cisco Systems, Intel Corporation և այլն:
Բագրատ Ենգիբարյանը նշեց նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն այժմ ձեռնամուխ է եղել Ինժեներական քաղաքի ու Կիբերանվտանգույթան կենտրոնի ծրագրերի կյանքի կոչմանը:
«Սրանք հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր են, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես առաջատար ինովացիոն երկիր»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան