Արամ Սարգսյան. Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից
«Հանրապետություն» կուսակցությունը 15-ամյա գործունեության ընթացքում քաղաքական տարբեր ուժերի հետ երրորդ դաշինքն է կազմում: Առաջինը «Արդարությունն» էր, ապա՝ Հայ ազգային կոնգրեսը:
Կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Լուսավոր Հայաստան» և Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո իր ելույթում նշեց, որ «Արդարություն»-ը դատապարտված էր կրկնօրինակել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքին, այն որոշակի արդյունքներ գրանցել է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Ա. Սարգսյանը նշեց, որ իրենք տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել:
«ՀԱԿ-ում գիտեին, որ ընտրություններից հետո «Հանրապետություն»-ը դուրս է գալու դաշինքից՝ հրաժարվելով իր բոլոր հնարավորություններից: Մենք պարտավոր էինք ու դատապարտված էինք լինել ՀԱԿ դաշինքում, որովհետև պատասխանատվություն ու բարոյական պարտք ունեինք մարտի 1-ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում պայքարող ու մեզ հետ հույսեր կապող հանրության ու պայքարի մեջ զոհված մեր ընկերների առաջ»,-ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքով, այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից: «Առաջին հերթին եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով և ընդհանուր հայտարարի բերելով թե աշխարհքաղաքական, թե մարտավարական, ռազմավարական ապագային միտված բոլոր հարցերը»,-ասաց նա:
Բանախոսը հիշեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով են պայմանավորված լինելու երկրի առաջին դեմքի ու իշխանության ձևավորումը:
«Հետևաբար հուսով ենք, որ մեր ճշգրիտ ու ակտիվ աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հանրային այնպիսի աջակցություն և մասնակցություն, որը հնարավորություն կտա մեզ հոկտեմբերի 27-ին դավադրաբար ու դավաճանաբար գնդակահարված «Միասնություն» դաշինքի, 2003-ի նախագահական ընտրությունների ու 2004-ի ապրիլի 12-ի աննախադեպ մասնակցություն ցուցաբերած ու «Արդարություն» դաշինքին աջակցած, 2008-ով ոգևորված ու մարտի 1-ով կոփված հանրության երազանքները, ցանկություններն ու նպատակները իրականություն դաձնել՝ փակելով այդպես էլ 21-րդ դար չմտած գործող իշխանության ամոթալի էջը»,-իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Ելույթը եզրափակելով Արամ Սարգսյանը հայտարարեց. «Մեր մղումներն անկեղծ են, նպատակները՝ բարի, և անշահախնդիր: Թող Աստված օրհնի և օգնի մեզ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը