Էռնեկյանը հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Գործարարի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության հասարակայնության ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար:
Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ պարոն Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում: