ԵԽԽՎ-ում ուկրաինական պատգամավորի մետամորֆոզները
Ի՞նչը կարող էր ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հարցերով ԵԽԽՎ կոմիտեի նախագահ Վոլոդիմիր Արիևին ստիպել շեշտակի փոխել իր մոտեցումները Ադրբեջանի վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ այդ մետամորֆոզը այնքան կտրուկ ու անսպասելի է եղել, որ զարմացրել է նույնիսկ ադրբեջանական պրոպագանդայի երևելիներին: Նույնիսկ Կաֆկային կհետաքրքրեր այս դեպքը։
Ուկրաինացի պատգամավոր Արիևը, որը նախկինում հայտնի էր Ադրբեջանի հասցեին հնչեցրած իր քննադատություններով, դեկտեմբերի 21-ին ադրբեջանական կայքին տված հարցազրույցում ոչ միայն «սեր է խոստովանում» Ադրբեջանին և նրա ղեկավարությանը, այլ հայտարարում է մասամբ ադրբեջանական ծագում ունենալու մասին։ Որպես իր հարգանքի հավաստիք Արիևը մասնավորապես նշում է, որ ԵԽԽՎ իր զեկույցում (Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում) դրականորեն ընդգծել է Ադրբեջանում մի քանի քաղաքական ակտիվիստների ազատման փաստը, ավելացնելով, որ միշտ և ամենուր հանդես է եկել «ի պաշտպանության Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ դատապարտելով Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։
ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալների ֆոնի վրա, որոնց գլխավոր դերակատարներից է ադրբեջանական պատվիրակությունը, Արիևի նման կերպարանափոխության նկատմամբ առաջին, գուցե և որոշակիորեն պարզունակ արձագանքն այն է, որ նա նույնպես «համտեսել է կասպիական խավիարը»։
Անմեղության կանխավարկածը կարևոր սկզբունք է։ Բայց փաստերը խոսուն են և ստիպում են եզրակացություններ անել, որոնք անցնում են այդ սկզբունքի գծած սահմանները։ Երկու օրինակ՝ «Լրագրողներ առանց սահմանի» խոսքի ազատության վերջին ցուցանիշով Ադրբեջանը 180 երկրից 163-րդ տեղում է: Ըստ Freedom House-ի 2016 մամուլի ազատության ինդեքսի Ադրբեջանի մամուլը ազատ չէ ։
Ավելին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 7-ից 9-ը անցկացրած քննարկումների արդյունքում որոշումներ ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ՝ մեկով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալ Իլգար Մամադովին , իսկ մյուսով, ի թիվս այլի, խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում քրեական օրենսգրքի փոփոխությունների կապակցությամբ, որով զրպարտության հետ կապված նոր հանցանքներ է ներմուծվում: Խոսքը Ադրբեջանի նախագահին ինտերնետում վիրավորելու համար քրեական պատասխանատվություն սահամանելու մասին է։
Եվ ահա Ադրբեջանում մարդու իրավունքների, մասնավորապես մամուլի ազատության ողբալի ներկա վիճակում, ԵԽԽՎ մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերով զեկուցողի նման մոտեցումը պարզապես այլ բան չի թողնում, քան մտահանգելու, որ ԵԽԽՎ-ում «տարածքային ամբողջականության ևս մեկ «սկզբունքային պաշտպան» մետամորֆոզի է ենթարկվել և համալրել է «անսկզբունքային գուրման-իրավապաշտպանների» շարքը։
Փառք աստծո, որ Արիևը չի վերածվել «մեծ, հրեշային ուտիճի», ինչպես պատահել էր գրքի հայտնի հերոսի հետ։