«Սիրուն տառեր»-ի հեղինակը հուզվել է՝ Հայաստանից ստանալով «Արշիլ Գորկի» շքանշանը
Ամերիկահայ նշանավոր նկարչուհի, «Սիրուն տառեր»-ի հեղինակ Սիրուն Երեցյանին նրա հիմնադրած «Ռոսլին» պատկերասրահում հանձնվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը:
Արևելք պարբերականի փոխանցմամբ, Լու Գերիգի (ALS) համախտանիշի պատճառով սայլակին գամված և խոսելու ունակությունը կորցրած նկարչուհին հուզվել է՝ Հայաստանից ստանալով նման գնահատանք, որ արվեստագետին է տրվել հայ մանրանկարչական արվեստում ներդրած իր նշանակալի ավանդի համար: Շքանշանը անվանի նկարչուհուն է հանձնել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության ներկայացուցիչ Արմելա Շաքարյանը: Սիրուն Երեցյանի որդին ՀՀ հյուպատոսությանն է նվիրել իր մոր գործերից մեկը:
Մանրանկարչուհի Սիրուն Երեցյանը ծնվել է 1951 թվականին՝ Բեյրութում: Ստացել է նկարչի պրոֆեսիոնալ կրթություն, հեղինակ է երեք գրքերի: Նա սփյուռքում հանրահայտ «Սիրուն տառեր»-ի՝ հայոց այբուբենի գեղարվեստական նկարազարդումների հեղինակն է, հայտնի «Սիրամարգե տիկինը», որ այդ անունը ստացել է իր արվեստում սիրամարգեր նկարելու համար: Սիրուն Երեցյանի հայոց այբուբենի մանրանկարչական ձևավորումները բազմիցս ցուցադրվել են նշանավոր ցուցասրահներում՝ արժանանալով գնահատանքի:
Անցյալ տարի ԱՄՆ-ում նշանավոր նկարչուհու հիվանդության դեմ պայքարում նրան նեցուկ կանգնելու համար կազմված թիմը մասնակցել է Լոս Անջելեսի ALS միության կազմակերպած արշավին, որին ներկա է եղել նաև Սիրուն Երեցյանը: Չնայած 2012-ին նկարչուհու մոտ ախտորոշված ծանր հիվանդությանը՝ նա շարունակում է ստեղծագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ