ՔԿ-ն մանրամասներ է հայտնում փոխմարզպետի որդու սպանության մասին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ: