Մակելելեն՝ «Սուոնսիի» մարզիչ
Անցյալում հայտնի ֆրանսիացի կիսապաշտպան Կլոդ Մակելելեն ընդգրկվել է «Սուոնսիի» մարզչական շտաբում։ Այն մասին, որ նա դարձել է թիմի գլխավոր մարզիչ Պոլ Կլեմենտի օգնականը, հայտնում է isport.ua-ն։
43-ամյա Մակելելեն «Սուոնսիի» հետ պայմանագիր է կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով։
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի վերջին աշխատավայրը եղել է «Մոնակոն», որտեղ զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Բացի այդ, նա ժամանակին գլխավորել է «Բաստիան», ՊՍԺ-ում եղել Կառլո Անչելոտտիի ու Լորան Բլանի օգնականը։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Կլոդը հանդես է եկել ՊՍԺ-ի, «Չելսիի», «Ռեալի», «Սելտայի», «Մարսելի», «Նանտի» ու «Բրեստի» կազմերում։ Նա երկուական անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, նույնքան անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը և Անգլիայի գավաթը։
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո «Սուոնսին» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։