Ռոնալդու. «Մեսսին շնորհավորե՞լ է ինձ։ Դուք կատակո՞ւմ եք»
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն փաստը, որ «Բարսելոնի» ֆուտբոլիստները չեն մասնակցել «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի» պարգևատրման արարողությանը։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականի կազմում «Բարսելոնի» 4 ֆուտբոլիստ է ընդգրկվել, սակայն նրանցից և ոչ մեկը ներկա չի եղել ցյուրիխյան մրցանակաբաշխությանը։ Կատալոնյան թիմի ավագ Անդրես Ինյեստան հայտարարել է, որ դա պայմանավորված էր «Ատլետիկի» հետ հանդիպմանը նախապատրաստությամբ։
Չնայած դրան, Քրիշտիանու Ռոնալդուին կարծես թե նեղացրել է այն, որ չի կարողացել պարգևն ստանալ իր հավերժական մրցակցի՝ Լիոնել Մեսսիի ներկայությամբ։
«Մեսսին շնորհավորե՞լ է ինձ։ Դուք կատակո՞ւմ եք։ Ես նոււյնիսկ նրա հեռախոսահամարը չունեմ։ Միշտ շնորհավորում եմ նրան, երբ կողքիս է, սակայն այս անգամ նա Ցյուրիխում չէր։ Երբ Մեսսին էր «Ոսկե գնդակ» ստանում, միշտ շնորհավորել են նրան։
Եվ ոչ միայն նա, այլև «Բարսելոնի» մյուս խաղացողներն էին բացակա։ Ես, իհարկե, ամեն ինչ հասկանում եմ, նրանք կարևոր հանդիպում ունեին, սակայն կուզեի, որ ներկա լինեին։ Միշտ անում եմ այն, ինչն ակումբն է ուզում։ Օրինակ՝ միշտ մասնակցում եմ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։ Եվ եթե ապագայում էլ հայտնվեմ հավակնորդների ցուցակում, անպայման կմասնակցեմ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։