Պետության հաշվին գործուղումների ժամանակ անձնական հարցերով զբաղվելու պատճառով ավստրալիացի նախարարը հրաժարական է տվել
Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին մի քանի գործուղումներ է ունեցել, որոնց ընթացքում, ինչպես պարզվել է, նա զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քվինսլանդ նահանգի Գոլդ-Կոստ հանգստավայրում անշարժ գույքի որոնումներով: Բի-Բի-Սի-ն գրում է, որ դրա շուրջ բռնկված սկանդալի պատճառով նա հրաժարական է տվել:
Երկրի վարչապետն այսօր հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:
«Ավստրալացիներն իրավունք ունեն հուսալ, որ քաղաքական գործիչները խնայողաբար են օգտագործում հարկատուների գումարները և ցանկացած ժամանակ երաշխավորում են, որ իրենց աշխատանքային ծախսերն արդյունավետ են, իսկ պետական ռեսուրսները օգտագործում են էթիկայի նորմերին համապատասխան»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նմանատիպ սկանդալ վերջին տարիներին մի քանի անգամ արդեն ծագել է Ավստրալիայում: Այդ իսկ պատճառով վարչապետը որոշել է ստեղծել անկախ մարմին, որը պետք է հետևի խորհրդարանականների ծախսերին:
Սյուզան Լին ասել է, որ նախապես չէր ծրագրել հանգստավայրում ձեռք բերել անշարժ գույք, երբ 2015 թ. մայիսին պատրաստվել էր գործուղման: Բայց այցի ընթացքում նա որոշել է 795 հազար ավստրալիական դոլարի (585 հազար ԱՄՆ դոլար) ներդրումային նպատակով գործարք կատարել: Իր հրաժարականի դիմումում Լին ընդգծել է, որ փորձել է հետևել կանոններին և բարոյական չափանիշներին: Բայց և այնպես նա որոշել է հեռանալ պաշտոնից, քանի որ սկանդալը հարված է հասցրել կառավարությանն ու հասարակության շրջանում դժգոհություն առաջացրել: