Հոլանդիայում բոլոր գնացքները սկսել են աշխատել քամու էներգիայով
Հոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորներից ստացվող էներգիայով: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը՝ վկայակոչելով Nederlandse Spoorwegen պետական երկաթուղային ընկերությանը:
Գազետա.ռու-ի՝ փոխանցմամբ՝ ընկերության ներկայացուցիչ Թոն Բոոնը հայտնել է, որ հունվարի 1-ից իրենց գնացքների 100 տոկոսն աշխատում են քամու էներգիայով:
Հոլանդական Eneco ընկերությունը հաղթել է երկու տարի առաջ Nederlandse Spoorwegen-ի հայտարարած տենդերը և 10 տարվա պայմանագիր է կնքել:
Նախատեսվում էր, որ բոլոր գնացքների՝ քամու էներգիայի անցնելը կլինի 2018 թվականի հունվարից, սակայն մասնագետները խնդիրը լուծել են մեկ տարի ավելի շուտ: Ինչպես նշում է Բոոնը, դրան նպաստել է երկրում և Նիդեռլանդների ափին հողմաղացների թվի աճը:
Ինչպես հայտնում են Eneco-ի և Nederlandse Spoorwegen-ի ներկայացուցիչները, մեկ հողմակայանը մեկ ժամ աշխատանքով կարող է ապահովել մեկ գնացքի երթևեկությունը գրեթե 200 կմ տարածությամբ: Մեկ օրվա ընթացքում Nederlandse Spoorwegen-ը տեղափոխում է ավելի քան կես միլիոն ուղևոր՝ 5,5 հազար գնացքներով:
Ընկերությունը նախատեսում է մինչև 2020 թ-ը էներգիայի ծախսերը մեկ ուղևորի համար նվազեցնել 35 %-ով՝ 2005 թվականի համեմատ: