Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ևս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գրասենյակից հայտնում են, որ իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ էությունը՝ համարելով դրանք բովանդակային նախադրյալներով կենսական՝ կերտելու համար առավել կայուն և ժողովրդավարական համակարգ և կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը և օրենքի գերակայությունը:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը և նրա գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից: Նա տեղեկացրել է, որ Հանրաքվեից հետո հայաստանյան իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են նոր սահմանադրական օրենքներ, բազմաթիվ օրենքներում և իրավական ակտերում կատարվել համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Տեղական ինքնակառավարման և խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում:
Իր խոսքում Հ.Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաև 2017-ի համար՝ կրկին Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:
Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության, հիրավի, բացառիկ ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:
«Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, և դրանց լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները:
«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների և ծրագրերի վրա : Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, և որևէ արտաքին խոչընդոտ չի կարող մեզ շեղել այդ ուղուց»,- նշել է նա:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ և չնայած դրան Հայաստանը չի հեռացել իր ժողովրդավարական ուղուց և հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի և տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու լայնամասշտաբ բարեփոխումներ՝ դատական, մարդու իրավունքների և այլ կարևոր բանագավառներում՝ բոլորը համահունչ մեր միջազգային պարտավորություններին»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որևէ արտաքին գործոնով, լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
- ԵԽԽՎ-ում կոռուպցիան ու Լուկա Վոլոնտեի հետ կապված սկանդալը ԵԺԿ թեժ քննարկման առարկա
- ԵԽԽՎ նախագահ․ Անցնող տարում հնարավոր չեղավ լուծել հակամարտությունները
- Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում
- Պեդրո Ագրամունտը վերընտվեց ԵԽԽՎ նախագահ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը