Վախճանվել է չեխ հայագետ-վրացագետ Վացլավ Չեռնին
Պրահայում hունվարի 21-ին երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկան հասակում վախճանվել է չեխ հայագետ-վրացագետ Վացլավ Չեռնին։ orer.eu-ն գրում է, որ կովկասագետ, հայ գրականության թարգմանիչ Վացլավ Չեռնին դեռևս 1950-ական թվականներին Կարլի համալսարանում պրոֆեսոր Եդլիչկայի մոտ ուսանել է հայագիտություն։
Հետագայում նույն համալսարանի Արևելյան գիտությունների ֆակուլտետում ուսուցանել է իր իսկ հիմնած «Համընդհանուր կովկասագիտություն» առարկան։ Տիրապետել է ոչ միայն արևելահայերենին, այլև արևմտահայերենին, որն իրեն ուսուցանել է Լուիզա Ասլանյանը։ Հետագա տարիներին նա թարգմանել է հայ գրականության դասականներին՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը»։
Պրոֆեսոր Չեռնին տիրապետում է նաև վրացերենին և թարգմանել է նաև վրաց գրականության դասականներին։ Իր վերջին թարգմանությունը անգլերենից է եղել՝ Աննա Էլիզաբեթ Ռետգաթի «Հայերը» գիրքը, որը չեխերենով լույս է տեսել 2003 թվականին Պրահայում։