Փրկարարները պետք է համապատասխան ուսուցում անցնեն. Դավիթ Տոնոյան
«Հարկավոր է բարձր նշաձող սահմանել, փրկարարները պետք է համապատասխան ուսուցում և որակավորում անցնեն, որպեսզի առաջին օգնությունից բացի նաև՝ առաջին բուժօգնություն կարողանան ցուցաբերել»,-ասել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն՝ այսօր ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն այցի ժամանակ։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Տոնոյանը զրուցել է անձնակազմի հետ՝ ցուցումներ տալով ընթացիկ աշխատանքների կազմակերպման և բարելավման վերաբերյալ: ԱԻ նախարարը մասնավորապես նշել է, որ հարկ է ուշադրություն դարձնել փրկարարների կողմից առաջին բուժօգնության մատուցման խնդրին՝ փոխառելով միջազգային փորձը:
Քննարկվել են նաև մայրաքաղաքի վարչության տեխնիկական հագեցվածության հարցերը, նախարար Տոնոյանը ծանոթացել է Փրկարարական վարչության կառավարման կետ հանդիսացող փրկարարական մեքենայի հնարավորություններին, որի տեխնիկական հագեցվածությունը խոշոր արտակարգ իրավիճակների ժամանակ թույլ է տալիս ծառայել որպես կառավարման շտաբ: