Պատանի լրագրողների մրցույթի հաղթողները հայտնի են
Այսօր ամփոփվեցին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի և «ՀայՄեդիա.am» լրատվական կայքի հայտարարած Պատանի լրագրողների մրցույթը, որի մասնակիցները Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից էին։
Մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի հունվարի 25-ին՝ «Սուրբ Սարգիս. Սիրո ուժն է անհաղթը» խորագրի ներքո:
«Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգով` «Լավագույն պատմություն», «Լավագույն մուլտիմեդիա նյութ», և «Ընթերցողի համակրանք»։ Առաջին երկու անվանակարգերում հաղթողներին որոշել է «ՀայՄեդիա.am»-ի և Արարատյան Հայրապետական թեմի ընդհանուր հանձնաժողովը, իսկ «Ընթերցողի համակրանք» անվանակարգում լավագույնը ճանաչվել է այն նյութը, որն ամենաշատն է դիտվել և տարածվել սոցիալական ցանցերում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «ՀայՄեդիա.am» լրատվական կայքի «Պատանի լրագրող» նախագծի պատասխանատու Գոհար Ավետիսյանը։
«Լավագույն մուլտիմեդիա նյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կապանից Անահիտ Բադալյանը, «Լավագույն պատմություն» անվանակարգում՝ Երևանից Միլենա Բաղդասարյանը, իսկ «Ընթերցողի համակրանք» անվանակարգում՝ Արարատից Մանե Մինասյանը:
«Ակնկալիքներն արդարացվել են: Սա ստացված նախաձեռնություններից մեկն է, այդ մասին վկայում է մասնակիցների ակտիվությունը, նյութերի բովանդակությունը: Արդյունքները մեր սպասելիքներից էլ ավելին են, հուսամ, այս համատեղ ծրագիրը կդառնա ավանդույթ։ Սուրբ Սարգսի տոնի հետ կապված «Պատանի լրագրող» մրցույթը միակը չէ, դրանից բացի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Կազմակերպվել էր նաև զինվորների պարգևատրման արարողություն, անցկացվել է տոնական միջոցառում Սիրահարների այգում»,-հավելեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը