ԿԸՀ-ն մերժեց «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական ՀԿ-ի դիտորդների հավաքագրման մասին դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավաքագրման մասին դիմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԸՕ 30-րդ հոդվածի 1-րդ կետով նշվում է՝ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
Նա նշեց, որ ՀԿ-ի կողմից ԿԸՀ է ներկայացվել կանոնադրության նոր խմբագրված տարբերակի պատճենը, ըստ որի այն ներառում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, սակայն ներկայացված փասատթղթից հնարավոր չէր պարզել, արդյոք պահպանված է ԸՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, համաձայն որի, այդ հարցերը պետք է ներառված լինեն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ընկած ժամանակահատվածում:
ՀԿ-ի ներկայացուցիչ ասաց, այն հանգամանքը, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության եզրույթները օրենսդիրը հստակ չի սահմանել, որևէ իրավական ակտում սահմանված չէ, ապա ԿԸՀ-ն, ըստ էության, սուբյեկտիվ մեկնաբանության է ենթարկում այս եզրույթներն:
«Այս առումով առաջանում է ահռելի ռիսկ, որ անցանկալի կազմակերությունները կարող են մեկուսացվել դիտորդական առաքելություն իրականացնելուց, եթե կանոնադրության մեջ բառացի նշված չէ այն, ինչ որ օրենքում: Իսկ մեր կանոնադրության մեջ նշված համապատասխան կետերը, ըստ էության, տեղավուրվում են ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն եզրույթների համատեքստում»:
Տ. Մուկուչյանն ասաց, որ որոշումը կարելի է բողոքարկել վարչական դատարան օրացույցային երեք օրվա ընթացքում: