Նալբանդյանը Լավրովին հրավիրել է այցելել Հայաստան
Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Նալբանդյանն այդ մասին հայտարարել է հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսում:
«Բանակցությունները բովանդակալի էին, ինչպես միշտ անցան փոխըմբռնման մթնոլոտում, ինչը բնական է դաշնակից երկրների համար»,-ասել է նախարարը:
Նալբանդյանի խոսքով, այցը խորհրդանշական է, քանի որ տրվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
«Մեր հանդիպման գլխավոր թեման ՀՀ նախագահի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստումն է, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ հարցերը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, միջտրածաշրջանային, հումանիտար ու մշակութային ոլորտներում համագործակցության հարցեր»,-ասել է Նալբանդյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ քննարկվել են նաև տարբեր ձևաչափերում ու հարթակներում փոխգործակցության հարցեր:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արևելքի իրավիճակի, սիրիական ճգնաժամի վերաբերյալ»,-ասել է նա, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին Հայաստանի հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխելը կազմակերպելու համար:
Նալբանդյանի խոսքով, քննարկվել է նաև տարածաշրջանում անվտանգության հարցը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին, Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ բանակցային գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմաներ ստեղծելու ուղղությամբ իրականացվող ջանքերին: Սերգեյ Վիկտորի հետ մենք համամիտ ենք, որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը բացարձակապես անթույլատրելի են ու վնաս են հասցնելու խաղաղ գործընթացին»,-ասել է նա:
Նալբանդյանի խոսքով, կարևորվել է 1994 թվականի հրադադարի ռեժիմի վերաբերյալ կնքված համաձայնագրի պահանջներին հետևելը, նշվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
«Ես ուզում եմ ասել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ավանդը՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը համանախագահների հետ շարունակում է համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։