Սաֆարյան. Հայաստանում չկա քաղաքական ուժ, որ ընտրողին համոզելու խնդիր չունենա
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ մեկ մրցակիցը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ու նրա վարած քաղաքականությունը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը, ով խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակով:
«Եթե մեր հասարակությունը պետք է այդքան միամիտ լինի, որ նորից հավատա բանաձևերին, քաղաքական ուղղությունը ճիշտ է, պարզապես այդ քաղաքականությունը վարող անձինք լավը չեն, ուրեմն պարզապես պետք է խոստովանել, որ ևէ քաղաքական ուժ անելիք չունի»,-ասաց նա:
Սաֆարյանը լավատես է, հավատում է, որ հասարակությունը գնահատելու է այլընտրանքը:
««Ազատ դեմոկրատների» թիմի առավելագույն նպատակն անշուշտ այնպիսի քվե ստանալն է, որը նրան տա իշխանությունը փոխելու իրավունք»,-ասաց բանախոսն ու ավելացրեց, որ իրենց հույս են տալիս նախորդ տարվա ընթացքում անցկացրած հարցումները, որի արդյունքները ցույց են տալիս հասարակությունը իսկապես հոգնել է այս քաղաքական գծից:
«Հարցումների արդյունքներ, որոնք օգնում են մարդկանց հետ աշխատել ճիշտ»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, այս պահին Հայաստանում չկա որևէ ուժ, որ կարող է գլուխ գովալ, որ ինքն անխնդիր կարող է հաղթահարել խորհրդարանական ընտրությունների շեմը, չկա մի ուժ, որ ընտրողին համոզելու խնդիր չունենա:
«Իշխող կուսակցությունն էլ չունի: Մենք ներկայացրել ենք լավ թիմ, ես հետևել եմ արձագանքներին, չկա նեգատիվ, միգուցե կա անտարբերություն»,-ասաց նա: