Արցախի բնակչության համար ցանկացած ընտրություն մանիֆեստ է. Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ
«Արցախում կայացած հանրաքվեն կազմակերպվածության առումով անցել է բարձր մակարդակով, օրենքի տառին, միջազգային չափանիշներին համապատասխան»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը, ով դիտորդական առաքելություն է իրականացրել փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում:
Նրա գնահատմամբ, հանրաքվեն անցել է ազատ, թափանցիկ: Դ. Դվերնիկովը նշեց, որ Արցախում քաղաքական մթնոլորտն առողջ էր, ընդդիմադիր ուժերը նույնպես կարողացել են իրենց խոսքն ասել: Այս ամենը, նրա խոսքով, ժողովրդավարական պրոցեսում առողջ դրսևորում է:
«Բարձր մասնակցությունը ոմանց մոտ կարող է կասկած առաջացնել, սակայն Արցախի բնակչության համար ցանկացած ընտրություն մանիֆեստ է, որի միջոցով ուզում են ցույց տալ, որ լիարժեք պետության քաղաքացիներ են, Արցախը լիարժեք կայացած պետություն է»,- ասաց Դենիս Դվորնիկովը:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, նա նշեց, որ փոփոխում, բարեփոխում են այն, ինչ կենդանի է, ինչից օգտվում են, իսկ եթե օրենքից չեն օգտվում, բարեփոխել պետք չէ:
«Արցախի դեպքում խոսքը գնում է կենդանի սահմանադրական օրգանիզմի մասին: Նման փոփոխությունները վկայում են, որ Արցախում բոլոր ժողովրդավական ինստիտուտները գործում են, ինչպես բոլոր նորմալ պետություններում»,- ասաց Դ. Դվորնիկովը:
Նա վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ցանկացել այդ հանրաքվեի միջոցով ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ, այլ պետականաշինության գործընթացում ծրագրային միջոցառում էր:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ ժամանած արգենտինացի դիտորդ. Նույնիսկ մեզ ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք
- Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. Նալբանդյան
- Ամերիկացի և կանադացի դիտորդներ. Արցախում հանրաքվեն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան
- Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
- Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից