Ես անձամբ պաշտոնակռիվ երբեք չեմ արել. Սեյրան Օհանյան
«Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների փուլում։ Հաշվի առնելով մեր պատմությունը, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ծառացած խնդիրները, մենք պետք է գործենք հստակ, գրագետ և վճռական, սխալվելու իրավունք չունենք»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովի իր ելույթում ասաց դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ իր համար և մեր բոլոր հայրենակիցների համար, անկախ մեր քաղաքական հայացքներից, հարցերի հարցը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է՝ իր բոլոր բաղադրիչներչով։
Օհանյանը քաղաքական ուժերին կոչ արեց նախընտրական շրջանում քննարկումները տանել անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չմղել պոպուլիզի և անհիմն խոստումների թակարդը։
Նա ընդգծեց, որ բաց ու առանց երկմտելու պատասխանելու է իրեն ուղղված և պարբարաբար շահարկվող որոշ հարցերին։
«Ինչո՞ւ անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, պատասխանը հստակ է, իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, հասարակական-բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է բոլորիս համար, կամ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և համատեղ ջանքերով փոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, կամ կկանգնենք իրական աղետների առաջ։
Ես անձամբ պաշտոնակռիվ երբեք չեմ արել։ Չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են բազմաթիվ տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին»,-ասաց Օհանյանը։
Նա հավելեց, որ իր զբաղեցրած բոլոր բարձր պաշտոններում երբեք չի հանել իմ դաշտային զինվորական համազգեստը. «Միշտ կանգնած եմ եղել զինվորի, սպայի և գյուղացու կողքին։ Լինելով քաղաքացիական անձ՝ քաղաքականության մեջ խոստանում եմ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքով ծառայել Հայաստանին, Արցախին ու մեր ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյանը բացատրում է, թե ինչու պիտի իրենց ընտրեն
- ՕՐՕ-ի համաձայնագրին են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ. Մարտիրոսյան
- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը եզակի է նույնիսկ աշխարհում. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը