Դուք մտնում եք մի դաշտ, որտեղ մարդ կշփոթվի. Արամ Մանուկյանը՝ Լևոն Յոլյանին
Մեր տնտեսության միջոցների խայտառակ մենեջմենթի պատճառով ձախողված են բոլոր բնագավառները՝ տնտեսության աճ, ներդրումներ, մենաշնորհներ և այլն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լևոն Յոլյանին:
Արամ Մանուկյանը շարունակեց. «Դուք մտնում եք մի դաշտ, որտեղ մարդ կշփոթվի, թե որ ծայրից բռնի, որ ուղղությամբ գնա, որ հաջողություն արձանագրի: Ո՞րն է լինելու Ձեր քաղաքական մոտեցումը, ո՞ր ծայրից եք բռնելու, որտեղ լույս գցել, որ տեսնեք ինչ է կատարվում»:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Լևոն Յոլյանը մի քանի ամիս աշխատել է որպես էներգետիկայի նախարար, բայց գոնե հասցրե՞լ է ճշտել՝ այդ համակարգում «ինչ կոռումպացված, բարձիթողի վիճակ է, ինչ համակարգված փչացածություն կա՝ ուռճացրած ապարատ, գազի գին, հոսանքի գին»:
Արամ Մանուկյանը նաև հարցրեց՝ ի՞նչ է կատարվում ՎՊ-ում, ինչո՞ւ Իշխան Զաքարյանը հեռացավ պաշտոնից. «Թողեց, ձեռքերը թափ տվեց, գնա՞ց, թե՞ դա ժամանակավոր փոխատեղում է»:
Անդրադառնալով առաջին հարցին՝ Լևոն Յոլյանը նշեց, որ պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացվի ռիսկերի գնահատման առումով և ըստ դրա՝ ՎՊ-ն իր գործունեությունը կկազմակերպի:
«Ռիսկերը գնահատելուց հետո պատրաստ ենք ներկայացնել արդյունքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, Լ.Յոլյանը նշեց, որ խիստ ռազմավարական ու ապագային միտված ուղղություն է: Նրա խոսքերով՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում աշխատել է 6 ամիս, իսկ աշխատանքից հեռացել է բավարարվածության ու գոհունակության զգացումով:
«Բավական հարցերի մեջ խորացել եմ, բավական հարցերի տվել եմ դրական լուծումներ: Լուրջ դրական տեղաշարժեր են եղել սակագների առումով, ռազմավարական նշանակություն ունի նաև Երևան ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը»,- մանրամասնեց նա:
Իշխան Զաքարյանին վերաբերող հարցին էլ Լևոն Յոլյանը չպատասխանեց. «Իշխան Զաքարյանի հետ կապված հարցերը կխնդրեմ ուղղեք իրեն»:
Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ «շախմատում քայլ անել չկա, բայց եթե չեք պատասխանում, ձեր գործն է»:
Նա միաժամանակ նշեց՝ ազատություն ունենալո՞ւ է, որպեսզի առաջ գնա, թե՞ նրա առաջ տաբուներ են լինելու:
«Իմ աշխատանքում իմ առջև երբեք տաբուներ չի դրվել»,- ասաց Լևոն Յոլյանը` հավելելով, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնավարման ժամանակ իրենից պահանջում էին նախորդների գործունեության վերլուծություն, սակայն ասել է, որ եթե ինքը զբաղվի նախորդների աշխատանքների վերլուծությամբ, ապա չի կարող առաջ գնալ, զբաղվել խնդիրների լուծմամբ:
Անդրադառնալով ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, Լևոն Յոլյանը պատասխանեց.
«Եթե ես 20 տարուց ավելի է՝ ոչ մի կուսակցության անդամ չեմ, բնականաբար, մոտեցումներ ունեմ: Այս տարիներին տարբեր առաջարկներ եղել են, բայց ես ունեմ իմ մոտեցումները»:
Նա նշեց նաև, որ ՎՊ անդամը չպետք է քաղաքական որևէ կուսակցության անդամ լինի: