«Ֆեյսբուք»-ն արգելել է «Կանայք-սիրուհիներ» կտավի գովազդը
«Ֆեյսբուք»-ն արգելել է ավստրալիական Mossgreen աճուրդայի տանը գովազդել երկու մերկ կնոջով կտավը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ «Կանայք-սիրուհիներ» կտավի հեղինակն է ավստրալիացի նկարիչ Չարլզ Բլեկմանը: Նկարում երկու կնոջ պատկեր է, ովքեր առանց հագուստի պառկած են կողք կողքի մահճակալին, կողքերին՝ կատու:
«Ֆեյսբուք»-ը համարում է, որ այդ կտավը «մեծերի համար ապրանքների ու ծառայությունների գովազդ է» և արգելել է աճուրդային տանը այն գովազդել: Mossgreen ղեկավար Պոլ Սամմերը սոցիալական կայքի որոշումը որակել է ծիծաղելի:
«Սա շատ գեղեցիկ նկար է, որևէ կերպ չի կարող ընկալվել չափազանց սեքսուլ»,- ասել է նա:
«Ֆեյսբուք»-ը հայտարարել է, որ որոշումը վերջնական է: Համաձայն կազմակերպության հաղորդագության, նմանատիպ գովազդը բացասական արձագանք է առաջացնում օգտատերերի մոտ: Աճուրդային տունը մտադիր է կտավը վաճառել 34 հազար դոլարով: Աճուրդը կայանալու է հաջորդ շաբաթ:
Նկարիչ Չարլզ Բլեկմանը 88 տարեկան է: Անցած շաբաթ նրա կտավներից մեկը վաճառվել էր 1,4 միլիոն դոլարով: