Քաղաքական 09:42 09/03/2017 Հայաստան

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերին, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Ասում են՝ իրական բարեկամիդ ճանաչում ես դժվարության պահին։

Ասում են նաև, որ «բարեկամը նա է, ով ունակ է կիսելու քո հաջողությունը»։ Հայ-ֆրանսիական փառավոր պատմությունը փաստում է, որ երբ համադրվում են այս երկու ճշմարտությունները, բարեկամությունը դառնում է առանձնաշնորհյալ։

Հայ-ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել վաղ միջնադարից:

Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք հայ արքաները հանդիսացել են Ֆրանսիայի միապետերի դաշնակից բարեկամները: Դրա վկայություններից է այն, որ Կիլիկյան վերջին թագավոր Լևոն 6-րդի աճյունը հանգչում է ֆրանսիական արքայական գերեզմանատանը՝ Սեն Դենի աբբայությունում:

Հենց այս պատմական կապերի շնորհիվ էր, որ խորհրդային միության փլուզումից հետո հայ ժողովուրդը, միանգամայն ճանաչելի էր ֆրանսիացիներին, ինչի արդյունքում անկախության հենց առաջին պահից Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները թռիչքային զարգացում ապրեցին։

Պարո՛ն Նախագահ,

Ինձ համար մշտապես մեծ պատիվ ու հաճույք է Ձեզ հետ աշխատելը՝ հանուն այս բարեկամության, ինչը մշտապես ուղղորդում ու զորացնում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները։ Արդյունքը համագործակցության աննախադեպ ընդգրկուն օրակարգն է՝ քաղաքականից ու տնտեսականից մինչև հումանիտար ու երկարաժամկետ զարգացման ծրագրեր։Վստահ եմ, որ սա ամենևին սահմանագիծ չէ. բարեկամության բազմաթիվ դրսևորումները մեր համատեղ ջանքերով դեռ պիտի հավելենք նորերով։ Ինչպես դուք եք ասել՝ ժամանակն ու զբաղեցրած պաշտոնը չեն ձևավորում մեր համոզմունքները։

Շնորհակալ եմ Ձեզ և Ֆրանսիայի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին այս ջերմ ընդունելության, ինչպես նաև փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում շփվելու, հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար:

Քանի որ իմ այցը համընկել է նաև այս շատ գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի հետ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ՝ սիրելի՛ տիկնայք և ի դեմս ձեզ՝ բոլոր հայ և ֆրանսիացի կանանց՝ մաղթելով անսահման երջանկություն։ Ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքին և քաղաքականությանը ներդաշնակություն ու հմայք հաղորդելու հարցում։

Հարգարժա՛ն գործընկերներ և բարեկամներ,

Քառորդ դար աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցել ենք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկել ու խտացրել այն կապերը, որ ժառանգել ենք պատմությունից՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։

Ֆրանսիան Հայաստանի անկախության վերականգնման հենց առաջին պահից կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին և այդ օրից անվերապահ աջակցում է մեր երկրի պետականաշինության առաջընթացին՝ լինելով նաև հուսալի գործընկեր եվրոպական և միջազգային հարթակներում։ Նման բարեկամության ունակ է միայն այնպիսի պետությունը, որն առաջին հերթին հզոր է իր քննություն բռնած գաղափարներով, օրինակելի փորձով ու սեփական ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամությամբ։ Սա է մեզ համար ֆրանսիական ոգու յուրահատկությունը։

Եվ որքան Ֆրանսիան է Հայաստանի կողքին, նույնքան էլ Հայաստանն է սրտացավ Ֆրանսիայի համար։ Հայաստանում մեծ ցավ ապրեցինք, երբ ահաբեկչության ահասարսուռ հարվածը հասավ Փարիզ, Նիս ու Ֆրանսիայի այլ վայրեր՝ խաթարելով անմեղ մարդկանց, ողջ ֆրանսիական ժողովրդի բնականոն կյանքի ընթացքը։ Եղածը չես փոխի, բայց օրինակելի է այն տոկունությունը, որով Ֆրանսիայի իշխանություններն ու ժողովուրդը դիմակայեցին այդ սարսափելի փորձությանը։

Օրինակելի է նաև Ֆրանսիայի և անձամբ Ձեր, պարո՛ն Նախագահ, մոտեցումը հայ ժողովրդի վերապրած մեծագույն փորձության աներկբա դատապարտման հարցին։ Ճշմարիտ է ասված՝ չես իմանա, թե որտեղից սփոփանք ու հույս կգա: Երբ ցեղասպանություն վերապրած հայը ոտք դրեց այս հեռավոր երկիր, ֆրանսիացի մեծ ժողովրդի շնորհիվ գտավ իր սփոփանքն ու հույսը։ Նա նորից տուն կառուցեց ու նորից արարեց։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի հայկական համայնքն աշխարհին ճանաչելի է ինտեգրվածության իր բարձր մակարդակով և միաժամանակ սեփական արմատներին, ազգային հարուստ մշակույթին ու ավանդույթներին հավատարիմ մնալու վառ օրինակով։ Այ սերևույթը լավագույնս բանաձևել է մեր մեծանուն երգահան Շարլ Ազնավուրը՝ ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Սա մեզ համար մեծ հպարտության աղբյուր է նաև զգացական առումով:

Հարգելի՛ հյուրեր,

Չծանրաբեռնելով ձեզ ղարաբաղյան հիմնախնդրի մանրամասներով՝ կուզեի ասել միայն, որ մեր նպատակը խաղաղությունն է։ Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վստահությունը բարեկամության առաջին պայմանն է։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը երբեք վստահության պակաս չունենա։ Եկեք բաժակ բարձրացնենք ի պատիվ մեծարգո պարոն Նախագահի, ի փառս Ֆրանսիայի, նրա տաղանդավոր և աշխատասեր ժողովրդի, ի հարատևումն հայ-ֆրանսիական բարեկամության:

Կեցցե՛ Ֆրանսիան:

Կեցցե՛ Հայաստանը:


Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի բաժակաճառը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի կառավարության հարգելի՛ անդամներ,

Հարգարժա՛ն պատգամավորներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վերստին հաճելի է ձեզ ընդունել Փարիզում:

Այսօր՝ մարտի 8-ը, Կանանց միջազգային օրն է, որն արդեն ոչ աշխատանքային օր է Հայաստանում: Այս առիթով ցանկացա այս ընդունելությանը հրավիրել կանանց, որոնք ոչ միայն ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման ոլորտում են հայտնի, այլ նաև այն արժեքների պաշտպանության մեջ, որ կիսում են մեր երկու երկրները:

Մենք տոնում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր ընդհանուր պատմությունը չի սահմանափակվում այս 25 տարիներով: Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհի զորեղ համայնքներից մեկն է: Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական այն հայերին, որոնք պաշտպանեցին մեր ազատությունը: Նրանք պայքարեցին մեր հողի վրա այն արժեքների համար, որ մենք կիսում ենք մինչ այսօր: Հաղթանակից հետո նրանք մասնակցեցին վերակառուցմանը, ինչպես դա արել էին Համաշխարհային առաջին պատերազմին: Այսօր նրանք մասնակցում են Ֆրանսիայի հռչակի տարածմանը՝ արվեստի, գիտության, շարժանկարի, մշակույթի, երգի, գրականության, տնտեսության բոլոր բնագավառներում:

Պարո՛ն Նախագահ,

Ինձ համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ:

Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր:

Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը:

Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը:

Մենք գործում ենք նաև ապագայի համար: Ուզում ենք ձեր կողքին լինել՝ որոշումները հարգելով: Ավելի քան երեք տարի առաջ դուք որոշեցիք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ես անձնապես պարտավորվեցի, որպեսզի այս անդամակցությունը հարցականի տակ չդնի այն կապերը, որ դուք ցանկանում եք ունենալ Եվրոպայի հետ և կարողանաք Եվրամիության հետ ստորագրել մի նոր շրջանակային համաձայնագիր: Ապագան միշտ կառուցելու համար է: Ֆրանսիան ուզում է մնալ արևմտյան ներդրողների առաջին շարքերում: Շատ լավ գիտեմ Ձեր ջանքերը ձեր երկրի տնտեսական գրավչությունը բարելավելու համար: Մեր ձեռնարկությունները դա լավ հասկացել են, և Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում: Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն ֆինանսավորում է բնակարանային շինարարության ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ենթակառույցներ և, հատկապես, ոռոգման համակարգը: Դա նաև ապակենտրոնացված համագործակցության ձգտում է, որին մենք աջակցում ենք, և ես ուրախ եմ, որ բազմաթիվ ընտրյալներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի շրջանները, այս նույն ձգտումը կիսում են:

Կրթության ոլորտում 15 տարուց ի վեր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը պատրաստում է հազարավոր կատարյալ ֆրանսախոս երիտասարդների: Առիթից օգտվում եմ Ձեզ շնորհավորելու, պարո՛ն Նախագահ, ընդունելու համար Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունը: Ֆրանսիան պատրաստ է ձեզ օգնելու այս կարևորագույն իրադարձությանը պատրաստվելու:
Խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են:

Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու:

Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը:

Պարո՛ն Նախագահ,

Ձեր ներկայությունն այստեղ մի նոր նշան է այն խոր և իրական հարաբերության, որ դարերից ի վեր կապում է Ձեր երկիրը և իմ երկիրը: Այս պատմությունը մեզ պատիվ է բերում և պարտավորեցնում է, հիմք է դնում մի բարեկամության, որին ոչինչ չի կարող սասանել: Դա այս բարեկամությունն է, որը Դուք եկել եք տոնելու, և ես այս անսասան բարեկամության համար է, որ հիմա բարձրացնում եմ բաժակս:

Կեցցե՛ Ֆրանսիան:

Կեցցե՛ Հայաստանը:

Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}