Կներկայացվի առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ
Գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց, թե քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավավատանը հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ, նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահոված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը։
«Այս իրավիճակը բացառելու նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ»,- նշեց Կարեն Կարապետյանը: