Եվրոպական իրավակարգի ճգնաժամն ու Թուրքիան
Լիբերալ աշխարհակարգը վերջին շրջանում լուրջ ճգնաժամ է ապրում։ Դա արտահայտվում է տարբեր աշխարհամասերում, տարբեր ձևերով ու խորությամբ։ Նշենք միայն Դոնալդ Թրամպի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ազգայնական-պոպուլիստական կուսակցությունների վերելքը եվրոպական երկրներում և այլն։ Չանդրադառնանք ուկրաինական և սիրիական ճգնաժամերին, որոնք միջազգային հարաբերությունների օրակարգ վերադարձրեցին խնդիրները ուժային միջոցով լուծելու նախկին պրակտիկան։
Այս ֆոնի վրա մասնավորապես անդրադառնանք Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրավական կարգի առջև ծառացած խնդիրներին, որոնք արդեն համակարգային սպառնալիքի տեսք են ստանում։ Խոսքը չի վերաբերում ուժերի բալանսին կամ աշխարհաքաղաքական գործընթացներին, որոնք անշուշտ վճռորոշ ազդեցություն ունեն իրավակարգի նկատվող կոռոզիայի վրա։
Ներկայիս Եվրոպայի իրավական կարգը խարսխվում է միջազգային կազմակերպությունների և միջպետական հարաբերությունները կարգավորող տարաբնույթ պայմանագրային դաշտի վրա։ Ամենամեծ ձեռբերումը թերևս Եվրոպական միությունն է, որը սակայն աշխարհագրորեն ամբողջ Եվրոպան չէ։
Համաեվրոպական կառույցներից արժանահիշատակ է Եվրոպայի խորհուրդը՝ իր կոնվենցիաների համակարգով, ինչը 60 տարուց ավելի ապահովում է հանրային կյանքի բազմաթիվ ոլորտների իրավական ստանդարտները և դրանց մոնիտորինգը։ Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերազգային այն մարմինն է, որի կողմից ընդունված նախադեպային իրավունքը էական նշանակություն ունի անդամ երկրների օրենսդրության զարգացման գործում։
Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամ, միգրացիոն հոսքեր, ահաբեկչություն և այլն, վերջին տարիներին ուժեղացել է վերազգային և միջկառավարական կառույցների նկատմամբ քննադատությունը, ինչը գալիս է հատկապես մեծ երկրների կողմից։ Այս «հակա-էլիտային», ժողովրդական բողոքի թիրախներից էին ԵՄ, ՆԱՏՕ, Եվրոպայի խորհուրդը՝ դատարանով հանդերձ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննադատների շարքում են բրիտանացի պահպանողականները, ֆրանսիացի աջերը, լեհական ու հունգարական իշխող կուսակցությունները և այլք։ Սակայն ամենամեծ հարվածը ՄԻԵԴ-ը ստացավ Ռուսաստանից, երբ ՌԴ Սահմանադրական դատարանն այս հունվարին որոշում ընդունեց, որով հակասահմանադրական ճանաչվեց «Յուկոսն ընդդեմ ՌԴ» ՄԻԵԴ վճիռը, որով Ռուսաստանին պարտադրվում էր Յուկոսի նախկին բաժնետերերին վճարել 1,9 միլիարդ եվրո։ Այս օրերին Թուրքիայում սուր քննադատության է ենթարկվում Եվրոպայի խորհրդի մյուս նշանավոր կառույցը՝ Վենետիկի հանձնաժողովը, որը Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բացասական կարծիք է տվել։
Այս օրինակները կարելի էր համարել դիպվածային և ոչ էական, եթե դրանք չլինեին ավելի խորքային գործընթացների դրսևորումներից։ Նկատի ունենք այն, որ մեծ պետությունների գործելաոճում ակներև է դառնում ոչ-իրավական, ուժային ճանապարհով հարցերի լուծման միտումը։ Նկատելիորեն նվազել են միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես բազմակողմ դիվանագիտության դերակատարությունը միջազգային հարաբերությունների արդի խնդիրների լուծման գործում։
Նախապատվությունը տրվում է երկկողմ մոտեցումներին կամ այնպիսի ձևաչափերին, որտեղ թելադրող են մեծ պետությունները, որոնք այդ կերպ կաշկանդված չեն ընթացակարգային խոչընդոտներով։ Այսպես՝ Ուկրաինայի հարցը քննարկվում է «Նորմանդական ձևաչափում», սիրիականը՝ Աստանայում։
Զարգացումների այս համատեքստում առանձնահատուկ է Թուրքիայի օրինակը, որը շարունակաբար սահում է դեպի ավտորիտարիզմ։ Եվրոպայի գործող իրավակարգը ակնհայտ անհարմարություններ է ստեղծում Թուրքիայի գործող իշխանությունների համար, որոնց կայսերապաշտական, նեո-օսմանյան մոտեցումները չեն կարող տեղավորվել լիբերալ աշխարհայացքի շրջանակներում։
2016թ. հուլիսի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների ծայրահեղ անհամաչափ գործողությունները և ապա անձնակենտրոն սահմանադրական բարեփոխումների առաջ քաշումը լրջորեն սրել են Թուրքիայի հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։ Ավելին, նույն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը եվրոպական երկրներում անցկացնելու պատճառով Թուրքիան բացահայտ առճակատման մեջ է մտել Նիդերլանդների հետ։ Եվ ամենազարմանալին այս դիվանագիտական «կրակոցների» մեջ թուրքական ղեկավարության օգտագործած ձևակերպումներն են, մասնավորապես այն, որ Նիդերլանդներին մեղադրում են Սրեբրենիցայի ջարդերին մեղսակից լինելու մեջ։ Համաձայնվենք, որ սա թուրքական երեսպաշտության հերթական գոհարն է։
Կար ժամանակ, երբ միջազգային հարաբերություններում Օսմանյան կայսրությունը համարվում էր «Եվրոպայի հիվանդ մարդը»։ Ասում են, որ առաջին անգամ նման կերպ Օսմանյան կայսրությանը պիտակավորել է ցար Նիկոլայ 1-ինը 1853թ.-ին՝ Ղրիմի պատերազմի նախօրյակին։ Այդ ժամանակ ռուս ինքնակալը գուցե նկատի ուներ թուրքական պետության ֆիզիկական թուլությունը։ Այժմ ևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Եվրոպան գործ ունի «հիվանդ մարդու» հետ, բայց արդեն ոչ մարմնական ախտերի տեսակետից։ Եվրոպական երկրների համար գրեթե անլուծելի խնդիր է դարձել թուրքական ղեկավարության հետ գործ ունենալը, ովքեր ամեն անկյունում գյուլենիստական դավադրություն են տեսնում, միգրացիան օգտագործում են որպես բացահայտ շանտաժ և չեն խորշում եվրոպական գործընկերներին նացիստների հետ համեմատելուց։
Նման իրավիճակներում, երբ բարիկադի մյուս կողմում իրավախախտ պետություն է, բռնապետ կամ նույնիսկ ահաբեկիչ, Եվրոպական իստեբլիշմենտը շարունակում է նախապատվություն տալ լիբերալ պարադիգմի գործիքակազմին, որոնք ներառում են համագործակցության ու երկխոսության կոչեր և համեմվում են այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք են, օրինակ՝ «Ես Շառլի եմ», «Ոչ ատելությանը», «Ոչ ատելություն, ոչ վախ», «Բռնությունը հիվանդություն է» և այլն։
Չնայած հանդուրժողականությունը մնում է եվրոպական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը, սակայն նկատելի են նաև ավելի խիստ, ուժային լուծումների կողմնակիցները, որոնք հաճախ դասակարգվում են «պոպուլիստական» կոչվող շարժումների թվում։ Առաջատար եվրոպական երկրներում նույն այդ պոպուլիստական կուսակցությունների գրանցած հաջողությունները խոսում են այն մասին, որ հասարակության խորքերում ինչ որ բան սկսվում է փոխվել, և «հիվանդ մարդկանց» ամենաթողության շրջանը կարող է ավարտվել։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան