Դավիթ Տոնոյանը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական պատրաստվածությանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային շրջայցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի Մարզերում:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, Գեղարքունիքի մարզում նախարարն այցելել է Սևան և Ճամբարակ քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև՝ ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատ: Դ. Տոնոյանը ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը, զրուցել անձնակազմի հետ ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ: Դ. Տոնոյանը մի շարք հանձնարարականներ է տվել Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Գեղարքունիքի մարզային վարչության պետ փ/ծ գնդապետ Է. Գալստյանին՝ կարգադրելով բարելավել փրկարարների համազգեստի որակը, որպեսզի այն լինի առավել հարմարավետ աշխատանքի համար և դիմացկուն:
Անդրադառնալով Հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ նախարարը հանձնարարել է արդիականացնել ջրի տակ աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սարքավորումները՝ ջրափրկարարների աշխատանքն ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով:
ԱԻ նախարարի աշխատանքային շրջայցի հաջորդ կայանը Տավուշի մարզն էր: Դ. Տոնոյանը եղել է Իջևան քաղաքի մարզային փրկարարական վարչությունում, Դիլիջան և Բերդ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներում: Տեղի անձնակազմի հետ քննարկելով առկա խնդիիրները՝ նախարարը Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանին հանձնարարել է արդիականացնել հրշեջ-փրկարարական ջոկատների գույքն ու տեխնիկական հագեցվածությունը՝ կիրառելով շվեյցարական գործընկերների կողմից տրամադրված սարքավորումները:
Նախարար Տոնոյանի մարզային այցելության վերջին կայանը Ազատամուտ և Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերն էին: Դ. Տոնոյանն այցելել է գյուղերում տեղակայված ԱԻՆ հենակետերը: Նախարարը ծանոթացել է գնդի տեխնիկական սպառազինությանն ու հենակետերի շենքային պայմաններին՝ տալով մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ Դ. Տոնոյանը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությանը՝ նշելով, որ մարդկային կյանքերի փրկության հարցում այն առաջնային գործոններից է:
Մարզային այցելությունների ընթացքում ԱԻ նախարարը հետևել է ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների պատրաստման դասընթացներին, որոնց մասնակցում են ԱԻՆ աշխատակիցները: Դ. Տոնոյանը նաև հանդիպել է Բերդի և Սևանի քաղաքապետերի ու երկու մարզերի համայնքային ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է համայնքներում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրը՝ ԱՌՆ ոլորտին առնչվող կետը համայնքային բյուջեում ներառելու միջոցով: