Հասարակության մոտ որակյալ սոցիալական ծառայություն ստանալու պահանջ կա. Միրա Անտոնյան
«Մենք նոր, վճռորոշ կարևոր փուլ ենք տեղափոխվում՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման առումով»,- այս մասին այսօր «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Համաժողովը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների միջազգային օրվա առթիվ՝ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։
«Անցած 25 տարիները նայելով՝ տեսնում ենք, որ սկսել ենք ամենապարզ սոցիալական աշխատանքի գործառույթներից։ Շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում կարողացանք օրենսդրորեն ամրագրել՝ ինչ է սոցիալական աշխատանքը, ինչ է սոցիալական վարչարարությունը, բայց դեռևս դա բավարար չէ, դեռևս առաջին քայլն ենք արել։ Այսօր օրակարգում ընդգրկված է օրենքի նախագիծ՝ սոցիալական աշխատանքի մասին և սա այն դեպքն է, երբ նախաձեռնությունը գալիս է ոչ թե պետական կառավարման լիազոր մարմնից, այլ սոցիալական աշխատողներից, այն անձանցից, ովքեր ջատագովն են մասնագիտության լիարժեք ներդրման ու կայացման»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ այսօր կարևոր խնդիրը, բացը այն է, որ սոցիալական ծառայություն մատուցող աշխատողների շատ փոքր տոկոսն է, որ մասնագիտությամբ սոցիալական աշխատող են. «Առաջին քայլերն արդեն արել ենք, որպեսզի կարողանանք կրթությունն ու գործանականում սոցիալական աշխատանքի հմտություններն իրար հետ կապենք»։
Համաժողովին ներկա Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց՝ հասարակության մոտ պահանջ է առաջացել որակյալ սոցիալական ծառայություն ստանալու։
«Ոոլորտը կարգավորելու կարիք կա։ Պետք է տեղի ունենա մի այնպիսի գործընթաց, որը թույլ կտա, գոնե մի քանի տարի հետո կարգելի ընդհանրապես թափուր աշխատատեղերը լրացնել առանց մասնագիտական կրթության անձանցով։ Նաև պետք է այնպես անել, որ արդեն ոլորտում եղած մարդիկ ժամանակի ընթացքում հավաքեն այնքան գիտելիք, հմտություն, որ կարողանան դեպքի վարման մեթոդաբանությանը համապատասխան ծառայություն մատուցեն»,-ասաց նա։
Միրա Անտոնյանը հույս հայտնեց, որ բարեփոխումների պրոցեսը կգնա հնարավորինս տրամաբանված և անցավ։