Մարդիկ 400-500 դրամ են խնդրում՝ ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ընդամենը օրվա հացի փող. Արամ Մանուկյան
Ընտրություններին ընդառաջ՝ ընդհանուր վիճակը շատ տխուր է: Մարդիկ վախեցած և ահաբեկված են, և շատ քիչ են բակային հանդիպումների գալիս: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
«Գյուղերում, որքան հեռանում ես, ավելի խեղճ մարդկանց և մթնոլորտի ես հանդիպում: Թշվառությունը համատարած է, մարդիկ հացի խնդիր ունեն: Շատերը գալիս, 400-500 դրամ են խնդրում՝ ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ընդամենը օրվա հացի փող: Կան գյուղեր էլ, որտեղ դույլը 100 դրամով ջուր են վաճառում»,- ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով, իշխանության ճնշումները չեն ազդում «խոպան» գնացող քաղաքացիերի վրա. «Սրանք անկախ մարդիկ են, որոնց բիզնեսները կախված չեն իշխանությունից, հետևապես նրանք կաշկանդված չեն: Շատ հետաքրքրիր է, որ մեր ծրագրի խաղաղության վերաբերող կետով առավելապես հետաքրքրված են կանայք՝ հավանաբար իրենց զավակների ապագայի համար անհանգստանալով: Մեզ քիչ են ընկալում երիտասարդները, այն դեպքում, երբ խաղաղության կոնցեպցիան հետաքրքրում է առավել տարեցներին»։
Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ քարոզարշավի վերջին իրենք լուրջ հաջողություն կունենան և Ազգային ժողովում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը լուրջ ներկայացվածություն կունենա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ բանախոսը նշեց՝ ոչ մի Ալիև չի կարող դիմանալ միջազգային հանրության ճնշումներին, եթե բանակցությունները չշարունակի։
«Սպիտակով խաղացողը նախաձեռնության տերն է: Ես հավատում եմ, որ եռանախագահներն ու Ռուսաստանը ցանկանում են խնդիրը լուծել: Ավելին, Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, մանավանդ որ իրեն քիչ թե շատ թեթևացած է զգում սիրիական խնդրից»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ Արցախյան խնդրի հարցում դաշինքի կեցվածքը նման է խիստ հոր կեցվածքի՝ հնարավոր քննադատությունների գիտակցմամբ: