«Օվալ պլաստիկը» մտադիր է մեծացնել արտահանումը
«Օվալ պլաստիկը» ծրագրում է նախորդ տարվա համեմատ 50% աճ գրանցել։ Ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանը ծրագրերի մասին տեղեկացրել է արտադրամաս այցելած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:
«Ունենք ծրագրեր մեր արտահանման և տեսականու ընդլայման ուղղությամբ, որոնք կապված են ֆինանսավորման հետ», - նշել է ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանը, հույս հայտնելով, որ պետությունը կաջակցի:
«Օվալ պլաստիկի» հիմնադիրը հավելել է, որ գործունեությունը սկսել են կաթնամթերքի փաթեթավորումից, իսկ այսօր շուրջ 500 արտադրատեսակ ունեն։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը շրջայցի ավարտին ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է «Օվալ պլաստիկի» հետագա ծրագրերը։ Անդրադարձ է եղել նաև ընկերությանը պետության կողմից հետագա օժանդակության հնարավորություններին։
«Ընկերության գործունեությունը հատկապես կարևոր է տեղական արտադրանքով ներմուծման փոխարինման համատեքստում», - նշել է Կարայանը՝ ընդգծելով, որ բարեխիղճ և աշխատասեր գործարարները վստահաբար կարող են ապավինել պետության աջակցությանը:
«Ընկերության գործունեությունը մեր տնտեսության համար ռազմավարական է, քանի որ փոխարինում է Թուրքիայից ներկրված արտադրանքին»,-ասել է ընկերության հետ համագործակցող «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ (պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, դույլեր և մի շարք այլ պարագաներ):