Կրեմլը Վորոնենկովի սպանության մեջ «ռուսական հետքի» մասին խոսքերն անհեթեթ է համարել
Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության մեջ կասկածվող անձը գտնվել է հետախուզման մեջ: Գազետա.ռու կայքը, հղում անելով www.obozrevatel.com-ին, գրում է, որ մարդասպանը (1988 թ. ծնված) հետախուզման մեջ է գտնվել Ուկրաինայի ՔՕ 205-րդ և 209-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ (կեղծ ձեռնարակատիրություն և հանցագործ ճանապարհով ստացված գումարների օրինականցում) կատարելու համար:
Դենիս Վորոնենկովը սպանվել է այսօր Կիևում: Նա գնում էր հանդիպման նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի հետ: Նախկին պատգամավորին սպանողը ձերբակալվել էր, նա վիրավոր էր։
Լենտա.ռու-ն գրում է, որ նա վիրահատության ժամանակ մահացել է:
Ռիա նովոստին գրում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Վորոնենկովի թիկնապահը համագործակցում է քննության հետ:
«Նրա վրա էլ կրակել են, բայց նա ողջ է, համագործակցում է քննության հետ»,- ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է որակել նախկին պատգամավորի սպանության մեջ ռուսական հետքի մասին հայտարարությունները: Պեսկովի խոսքով, տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Կիևը չի կարողացել ապահովել Վորոնենկովի անվտանգությունը, հույս է հայտնել, որ մարդասպանը և այն անձը, ով կանգնած է այդ սպանության հետևում, կբացահայտվեն: