Իսրայելը Ռուսաստանին երբևէ մինչև վերջ չի վստահի. Արա Պապյան
Սիրիան վերջին տարիներին շատ բան տեսավ՝ շատ ու անմարդկային: Միջազգային հանրությունը հասցնում է նույնիսկ ժամանակ առ ժամանակ բթացնել իր զգացմունքները, իրեն հուսադրելով, թե պատերազմը այդպիսի բան է՝ մեծերն էլ, փոքրերն էլ պիտի մեռնեն, սով էլ կլինի, անջուր օրեր, հուսահատություն...: Սիրիան դարձել է ոչ միայն հանրության՝ իր ինչպիսին լինելը պարզելու տեստ, ոչ միայն պատերազմական ախտի ու աղբի արենա, այլև զենքերի փորձարկման ու մրցակցության «դաշտ»:
Վերջերս նման մրցակցության մեջ մտան Ռուսաստանն ու Իսրայելը: Defense News-ը գրեց Arrow-2-ի հաջող գործարկման մասին, ինչը խիստ հիվանդագին տարավ Ռուսաստանը: Ռուսական փորձագետները և մամուլը սկսեցին վերլուծականների շարք, թե ինչքանով է այս՝ իսրայելա-ամերիկյան զենքը արդյունավետ կամ հզոր ռուսական տարբերակներից (Израиль гордится перехватом советской ракеты):
Կարո՞ղ է արդյոք այս դեպքը առիթ դառնալ ռուս-իսրայելական նոր հարաբերությունների, կամ կարո՞ղ է նրանց՝ ազդել զենքի վաճառքի «շուկաների» վրա: Այս մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:
Նրա մեկնաբանությամբ՝ իսրայելառուսական հարաբերությունները կարելի է որակել որպես բավական ակտիվ։ Ասվածի վկայությունն են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի պարբերական այցելությունները Ռուսաստան։ Մյուս կողմից, թեև Ռուսաստանը երաշխավորում է սիրիական տարածքի հակաօդային պաշտպանությունը և հայտարարում, որ այնտեղ ունի С-300 համակարգեր, Իսրայելը պետք եղած ժամանակ հաջողությամբ ռմբակոծում է սիրիական զորքերին։
«Սա նշանակում է, որ զենքերի լավ տեսակների մասին խոսակցությունները սուտ են կամ պարզապես կա ներքին պայմանավորվածություն։ Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին։ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում։ Նա Իսրայելի պետքն ունի, բայց ավելի շատ պետք ունի հրեական լոբբիին՝ ԱՄՆ-ում, որովհետև լուրջ խնդիրներ ունի Միացյալ նահանգների և Արևմուտքի հետ։
Կարծում եմ՝ իսրայելառուսական հարաբերությունները կշարունակեն մնալ այնպիսին, ինչպիսին այժմ են։ Դրանք միագիծ չեն լինի՝ որոշ հարցերում համագործակցություն կծավալվի, որոշ հարցերում տեղի կունենա շահերի բախում։ Իսրայելը Ռուսաստանին երբևէ մինչև վերջ չի վստահի, որովհետև լավ է հասկանում, որ Ռուսաստանը չի կարող լքել Սիրիան։ Քանի դեռ Ռուսաստանը Սիրիային չի տալիս մի այնպիսի զենք, որը կվտանգի Իսրայելի անվտանգությունը, Իսրայելը որևէ խնդիր չունի»,- ընդգծեց Արա Պապյանը։
Պապյանը նաև նշեց, որ Ռուսաստանը վստահ է, թե զենքի ձեռքբերման այլընտրանքներ չունենք և խաղալու է այդ փաստի վրա։ Քաղաքական նպատակ ունենալով Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ-ում՝ Ռուսաստանը Հայաստանին պարբերաբար էժան զենք կվաճառի՝ Ադրբեջանին գրգռելով իրենից նորանոր զինատեսակներ գնել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը