Ամեն բան լավ է լինելու, ունենալու ենք և հաղթանակներ, և հաջողություն, և խաղաղություն. Վիգեն Սարգսյան
ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղատ և Մուծք համայնքներ:
Համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախարարն անդրադարձել է նրանց խնդիրներին, ասել է, որ փորձում են համայնքներին նոր հայացքով նայել: Նա բնակիչներին խնդրել է, որ հարցերը միայն համայնքի ղեկավարի ուսերին չթողնեն, այլև միասին քննարկեն, ներկայացնեն, թե իրենց համայնքին առաջնահերթ ինչ է պետք, ինչ լուծում է պետք իրենց կյանքը հնարավորինս բարելավելու համար:
«Իհարկե, բարձր լեռնային շրջաններում դժվար է կազմակերպել կենցաղը, սակայն մենք գործ ունենք շատ աշխատասեր, իրենց հողին կպած, իրենց հայրենիքը սիրող ու հարգող մարդկանց հետ, ուստի ուզեցի անպայման այցելել Ձեզ՝ ասելու, որ պետք է վստահ լինեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, մենք ունենալու ենք և հաղթանակներ, և հաջողություն, և խաղաղություն, և զարգացում»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ համայնքների զարգացման համար պետք է ամեն ջանք գործադրեն՝ առանց հոգնելու, առանց տրտնջալու, առանց հիասթափվելու, քանի որ «եթե ինքներս մեր արածից գոհ չլինենք, չհամարենք, որ ինչ-որ բանի հասել ենք, ապա դժվար կլինի առաջ շարժվել»:
«Դրախտային վայրում եք ապրում, կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ նաև հնարավորություն լինի այստեղ ավելի շատ վաստակելու, ավելի լավ կենցաղը կազմակերպելու համար: Կարծում եմ՝ այն ներդրումային ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման այստեղ էլ պետք է հասնեն»,- ընդգծել է նախարարը:
Վիգեն Սարգսյանը միաժամանակ ասել է, որ նրանց վստահության քվեն շատ կարևոր է ՀՀԿ-ի համար, կարևոր է, որ սահմանամերձ, վառոդի հոտին ծանոթ համայնքները ճիշտ կողմնորոշվեն ու կողմնորոշիչ լինեն մնացածների համար: