ԱՄՆ-ում ծնողներին թույլ չեն տալիս իրենց դստերը տալ Ալլահ ազգանունը
Ամերիկյան ընտանիքը դատի է տվել Ջորջիա նահանգի իշխանություններին։ Պատճառն այն է, որ իշխանությունները ծննդյան վկայական չեն տալիս նրանց դստերը, քանի որ ծնողները որոշել են աղջկան տալ Ալլահ ազգանունը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նահանգի առողջապահության նախարարությունը հրաժարվում է 22 -ամսական երեխային տալ ծննդյան վկայական, որտեղ նշված լինի այդ ազգանունը:
Աղջկա ծնողները՝ Էլիզաբետ Հենդին և Բիլալ Ուոլկը որոշել են իրենց դստերն անվանել ԶալիԿհա Գրեյսֆուլ Լորրեինա Ալլահ: Բայց նահանգի օրենքով, երեխան պետք է կրի կամ հոր, կամ մոր ազգանունը, կամ երկուսի ազգանունների համակցությունը: Նահանգի իշխանությունները հրաժարվում են գրանցել երեխային Ալլահ ազգանունով, քանի որ այդ ազգանունը չի կրում ոչ նրա մայրը, ոչ հայրը:
Արաբերենից թարգմանաբար «Ալլահ» նշանակում է «Աստված»:
Երեխայի հայրը Atlanta Journal-Constitution-ին ասել է, որ իր կարծիքով, ազնիվ անուն է, իր ընտրությունը որևէ կապ չունի կրոնի հետ:
Աղջիկն ունի նաև եղբայր, ով նույնպես կրում է Ալլահ ազգանունը: Նա երեք տարեկան է: Այն ժամանակ նահանգի իշխանություններից որևէ մեկը դեմ չի եղել այդ անվանը: