Ռիչարդ Միլսը բացեց «պետական գաղտնիք»
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որի բացմանն ունեցած ելույթում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հիշեց ՀՀ նախագահի առաջին այցը Վաշինգտոն և բացեց պետական գաղտնիք.
«Այդ ժամանակ ես պետքարտուղարությունում հայաստանյան հարցերով պատասխանատուն էի: Մի պատմություն ներկայացնեմ ձեզ:
Հայաստանի նախագահի այցի նախորդ օրն էր, երեկոյան ժամը վեցն էր, ամեն բան նախապատրաստված էր, փաստաթղթերը պատրաստված էին: Հանկարծ զանգ եմ ստանում պետքարտուղարի գրասենյակից: Ինձ ասացին՝ պարոն Միլս, դուք վաղվա այցի պատասխանատուն եք, և պետքարտուղարը ցանկանում է տեղեկանալ, թե Հայաստանի դրոշի գույները որո՞նք են:
Ես ասացի` կարմիր, կապույտ, նարնջագույն: Զանգահարողը պատասխանեց, որ պետքարտուղարն էլ է այդպես կարծում, բայց, ցավոք, դրոշը, որը տեղադրված է պետքարտուղարության նախասրահում, կարմիր, կապույտ, դեղին է, և մենք պետք է հասցնենք մինչև վաղը առավոտ ժամը տասը փոխենք դրոշը: «Դա քո համար խնդի՞ր կլինի»,- հարցրեցին ինձ: Ես, բնականաբար, ասացի` ոչ մի խնդիր: Դնելով խոսափողը՝ մտածեցի, որ լուրջ խնդիր է:
Այս խնդրի լուծման հարցում կարևորագույն դերակատարում ունեցավ Միացյալ Նահանգներում հայկական եկեղեցին:
Զանգահարեցի Վիրջինիայում հայկական եկեղեցի և հարցրեցի` դուք ունե՞ք հայկական դրոշ, որի գույները կարմիր, կապույտ ու իսկապես նարնջագույն են: Քահանան ասաց՝ իհարկե: Հարցրեցի, թե կարող է պետքարտուղարությունն այն պարտքով վերցնի: Քահանան պատասխանեց, որ իրենց համար պատիվ կլինի:
Երեկոյան ժամը 9-ին մեքենայով ուղևորվեցինք Վիրջինիա և հայկական եկեղեցուց վերցրեցինք դրոշը: Եվ հիմա իրական պետական գաղտնիք եմ բացում. բարեհամբույր քահանան մի պահ սկսել էր վարանել, թե արդյոք իսկապես լավ նարնջագույն է և վերցրել էր նարնջագույն մարկերն ու սկսել ներկել այդ հատվածը:
Ինչով ավարտվեց այս պատմությունը:
Հաջորդ օը «The Washington Post»-ում հրապարակում եղավ Հայաստանի նախագահի հետ պետքարտուղարությունում կայացած առաջին հանդիպման մասին, և հոդվածի սկզբում գրված էր՝ «Հայաստանի նախագահը և Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հանդիպեցին կարմիր, կապույտ և վառ նարնջագույն դրոշի ֆոնին»»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի ներդրողներն ավելի շատ են դիտարկում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները. ԱՄՆ դեսպան
- ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ կարևոր դերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան