Հայաստանի չորս քաղաքների կտրամադրվեն հրդեհաշիջման նոր գույք և հանդերձանք
Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում կայացավ հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է տրամադրված հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու որակական հատկանիշները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Դ. Տոնոյանն ասել է.
«Այսպիսի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի և մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, և, առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում»:
ԱՄՆ դեսպանը ևս ընդգծել է, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում: Նրա խոսքով՝ սա միաժամանակ թույլ կտա ապահովել անվտանգության հավելյալ երաշխիքներ հայ հրշեջների համար, երբ նրանք կիրականացնեն կյանքեր փրկելու իրենց կարևոր առաքելությունը:
«Տարիների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը և այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տևական համագործակցության շրջանակում»,- եզրափակել է Ռ. Միլսը:
Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը և հանդերձանքը ձեռք են բերվել ՓԾ կարիքներին համապատասխան և կբաշխվեն Հայաստանի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև:
Նոր գույքը կնպաստի մարզերում աղետների ռիսկի նվազեցմանը, տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստվածության, ինչպես նաև՝ անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացմանը: