Դաշնակցականը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին
«Միջազգային բոբոյով, համաշխարհային հանրության բոբոյով այդ մարդն արդեն 26 տարի է՝ վախեցնում է հասարակությանը»: Լրագրողների հետ հանդիպմանն արձագանքելով Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ասաց ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Բագրատ Եսայանը:
Դաշնակցական գործիչը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի այն կարծիքի հետ, որ հանրապետության բոլոր պրոբլեմները պայմանավորված են խաղաղության համաձայնագրի բացակայությամբ: Նա հիշեց, երբ առաջին նախագահը հրաժարականից հետո հայտարարել էր, որ ԼՂ խնդրի կարգավորման հետագա փաստաթղթերն ավելի վատն են լինելու:
«Եթե մենք միահամուռ ենք, հանդես ենք գալիս հստակ մոտեցմամբ, բանակցությունների ընթացքում մեր դիրքերն ավելի պինդ են, մեր տնտեսությունը զարգանում է, համանախագահները փորձում են ավելի շատ զիջումներ անել Հայաստանում»,-ասաց Եսայանը:
Նա ակնհայտ սուտ է որակում այն գնահատականը, որ ԼՂ խնդրի չլուծված լինելու պայմաններում Հայաստանի տնտեսությունը չի զարգանալու:
«Մեր տնտեսությունը Ղարաբաղի չլուծվածության պայմաններում 7-8 տարի զարգանում էր, մենք երեք տարի շարունակ ունեինք ներգաղթ, ոչ թե արտագաղթ: Այն հիմնադրույթը, որ Ղարաբաղի հարցը քանի դեռ լուծված չէ, տնտեսությունը քայքայվելու է, ժողովուրդ չի մնալու, ակնհայտ սուտ է»,-ասաց նա:
Խորհրդարանական ընտրությունների, քարոզարշավի ընթացքի մասին՝ տեսանյութում: