Փաշինյանի՝ 3 ուժերի հաղթանակի մասին հայտարարությունն անբարոյականություն է. «ՕՐՕ»-ի թեկնածու
Ռեյտինգային ընտրակարգն աղետ է հայ հասարակության համար: Ցուցակներում անասնաբուժերի, տաքսիստների ու թաղային հեղինակությունների ներգրավելը նորմալ չէ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «ՕՐՕ» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը:
«Այս ընտրակարգը Հայաստանի համար չէ, ընտրողների 70 տոկոսը քվեարկության կարգը չի պատկերացնում: Եթե ուզում ենք, որ ՀՀ քաղաքական դաշտը կայանա, պետք է միահամուռ հանդես գանք ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օգտին: Իշխանություններն այդ ընտրակարգի ներմուծմամբ արեցին ամեն բան, որպեսզի թյուրիմացության մեջ գցեն մարդկանց»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով «ՕՐՕ» դաշինքի հաղթանակի հնարավորություններին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ դաշինքի վարկանիշը շատ բարձր է, մինչդեռ «Գելափի» կեղծ հարցումներով փորձ է արվում հասարակությանն անհուսության մատնել: Նա շեշտեց, որ դաշինքի ընտրազանգվածն ազնիվ, արժանապատիվ և հայրենասեր մարդիկ են:
Բանախոսն անբարոյականություն որակեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ խորհրդարան անցնելու են 3 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները:
«Դա Նիկոլ Փաշինյանի և «Ելք»-ի կողմից անբարոյականություն է: Նրանց վարկանիշն իրականում զրոյական է: Նրանք մարդկանց խաբում և թյուրիմացության մեջ են գցում: Փոխանակ իշխանությանը քննադատելու՝ «Ելք»-ը սևեռվում է մյուս ուժերի, մասնավորապես «ՕՐՕ»-ի վրա: Նրանք գյուղերում մարդկանց հետ չեն առնչվում, բարձրախոսով մի քանի վանկարկում են անում, այնուհետ նստում իրենց ավտոմեքենաներն ու հեռանում: Հեռանալուց հետո գյուղերում նրանց հավաքները չեմ ուզում ասել, թե ինչ բառով են որակում»,- նշեց պատգամավորության թեկնածուն:
Ասուլիսի ավարտին Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի տեսակետին՝ նշելով, որ «նա իր բարձր դիրքը չպետք է ցածրացներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան