Մենք զերծ ենք մնացել որևէ լծակ օգտագործելու գայթակղությունից. Արմեն Ռուստոմյան
ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ հայտարարեց, որ Դաշնակցությունը որևէ վարչական լծակ չի օգտագործել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
«Մենք որևէ լծակ օգտագործելու հետ կապված որևէ փաստ չենք տվել: Վստահ եմ, որ այդպիսի փաստ որևէ մեկը չունի: Մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, օգտագործել որևէ լծակ: Մենք համարում ենք, որ այս ընտրություններն իսկապես պետք է նոր ժամանակաշրջանի հիմք դնեն մեր երկրում, այսինքն՝ ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար լուրջ հիմքեր ենք ստեղծել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ ներկայիս վարկանիշային ընտրակարգը, վարկանիշային թեկնածուների մեծ քանակն իրենց սրտով չէր. «Բայց սա կոմպրոմիսի արդյունք էր, բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու տարբերակը մի քիչ նսեմացվել է այս ընտրակարգով, քանի որ 1500-ից ավելի թեկնածուներ են առաջադրված հանրապետությունով մեկ, ինչը մեր նման փոքր երկրի համար մեծ թիվ է»։
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «անտեր» ձայն չկա, ուստի իրենց խնդիրն էր բացատրել մարդկանց, որ չի կարելի գերդաստանային կապերի միջոցով գնալ ընտրությունների և ապահովել առաջիկա 5 տարիների ապագան:
Հարցին, թե արդյոք այսօր իշխանափոխության, համակարգային փոփոխության համար ստեղծված են ռեալ պայմաններ, Արմեն Ռուստամյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ անկախ ռեյտինգային համակարգից, այսօր ունենք մի ընտրական համակարգ, որն իշխանափոխության համար դուռ է բացել:
«Իշխանությունների վերարտադրությունն ունեցել է երկու հենասյուն. մեծամասնական ընտրակարգը, բացակաների, ուրիշների փոխարեն քվեարկությունները, որոնք լցոնումների, կարուսելների հնարավորություն էին տալիս, և սա բերում էր նրան, որ ունենում էինք ուռճացված թվեր: Այս ընտրություններին մասնակցությունը լինելու է շատ ավելի քիչ, որովհետև ուրիշների փոխարեն քվեարկություն չի լինելու: Տեղամասերում դրել ենք այնպիսի մեխանիզմներ, որ բացակաների փոխարեն քվեարկությունը բացառված է: Մենք այդ երկու ռեսուրսներից զրկել ենք իշխանություններին»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները