Նախկին վարչապետը՝ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի մասին
ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի տնտեսական մաս չկա, կա պրոֆեսիոնալ-խորամանկ շարադրանք: Այն գրողներն իրենց առջև նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի էական բան չգրեն, սակայն խելոք երևան։ Այնպես որ, եթե ապրիլի 3-ին այս ուժն ընտրվի, կարող է հանգիստ հայտարարել, որ իրականացրել է իր ծրագիրը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագրին, ապա դրանում կան պրոֆեսիոնալ կետեր, սակայն ծրագիրը մեծամասամբ դիլետանտություն է: Այս ծրագրին կիսով չափ եմ լուրջ վերաբերում: Առանձին խոսակցության թեմա է «Ելք»-ի տնտեսական ծրագիրը: Ծրագիր, որպես այդպիսին, դասական առումով չկա, կա ՀԱԿ-ի 2009 թվականի 100 քայլից արտագրված մի քանի դրույթ: Ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի ծրագիրը լիբերալ է՝ սպոպուլիզմի տարրերով»,- ասաց բանախոսը:
Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ վարչապետերի թեկնածուների միջև բանավեճեր այդպես էլ չկայացան։
«Խորհրդարան չենք ընտրում, վարչապետ ենք ընտրում»,-ասաց նա՝ միաժամանակ իր մրցակիցներին հրավիրելով այսօր երեկոյան կայանալիք, վարչապետերի թեկնածուների միջև նախատեսված բանավեճին:
Նախկին վարչապետը հիշեցրեց նաև՝ Գագիկ Ծառուկյանը 15 միլիարդ դոլարի ներդրումների մասին է խոսում, Կոմունիստական կուսակցությունը՝ 20 միլիարդի, ինքն էլ, օրինակ, կարող է խոստանալ տարեկան 22 միլիարդ դոլարի ներդրման մասին:
«Մենք ներդրումները պետք է գեներացնենք: Երբ որոշ մարդիկ 15 միլիարդ ներդրումների մասին են խոսում, պետք է հասկանան, որ դա կաշխատի միայն այն միջավայրում, որտեղ միջին աշխատավարձը չորսուկես հազար դոլար է: Չէ՞ որ ներդրված ռեսուրսները սպառողներ էլ պետք է լինեն»,- ասաց նա: