Կուսակցություններին տրվելիք մանդատների թիվը
Ընտրական նոր օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի մանդատների հաշվարկի արդյունքում Խորհրդարանը բաղկացած է լինելու 105 պատգամավորներից: Նրանցից 58-ը ներկայացնելու են ձայների 49,12%-ը ստացած ՀՀԿ-ն:
Երեկ Panorama.am-ը վերլուծել էր, թե ստացած քվեների համաձայն նոր խորհրդարանում քանի պատգամավորական մանդատ են ունենալու ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու «ՀՅԴ»-ն:
Սակայն երեկ՝ ավելի ուշ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն բանաձևը, որով որոշվելու է կուսակցություններից յուրաքանչյուրին տրվելիք մանդատների թիվը:
«Յուրաքանչյուր կուսակցության ստացած ձայների թիվը բազմապատկում ենք մանդատների ընդհանուր թվի հետ, այսինքն՝ 101-ի հետ և ստացած թիվը բաժանում ենք բոլոր կուսակցություններին և դաշինքներին կողմ քվեարկած ձայների թվի վրա: Ամբողջական թիվը կուսակցություններին հասանելիք մանդատների թիվն է: Եթե ոչ իրավաբանական լեզվով ասեմ, ապա գործնականում 49 տոկոս ձայներն այս պարագայում կդառնան 53 տոկոս մանդատներ, որովհետև 10-ը տոկոսը համաչափորեն կվերաբաշխվի բոլոր այն կուսակցությունների մեջ, որոնք մանդատների բաշխմանը մասնակցելու են»,-նշել է Հրայր Թովմասյանը:
Համաձայն այս բանաձևի՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունենալու է 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9 և «ՀՅԴ»-ն՝ 7 պատգամավոր:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետական կուսակցության արդյունքներն ու հնարավոր պատգամավորները
- «Ծառուկյան դաշինք»-ի արդյունքներն ու հնարավոր պատգամավորները
- ՀՅԴ. Հին կուսակցության նոր խմբակցությունը
- Մինասյան. «ԵԼՔ» դաշինքի արդյունքներն ու հեռանկարները
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ