Ականազերծման ոլորտում լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ. Տոնոյան
Ականազերծման ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ,- այս մասին նշել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ ականազերծման միջազգային օրվան նվիրված հանդիպում-քննարկման ժամանակ։
«Համայնքների համաչափ զարգացման նպատակով և աղետների ռիսկի նվազեցման համատեքստում շատ կարևոր է համայնքների համաչափ զարգացման ծրագրում ընդգրկել ականազերծման բաղադրիչը»,- նշել է նախարարը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, տասից ավելի միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ:
Քննարկելով բնակչության պաշտպանության համատեքստում հումանիտար ականազերծման խնդիրներն ու միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները՝ ներկաներն առաջ են քաշել ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը: