Հայաստանը և Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնահերթությունները. Լավրով
Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը, որպեսզի այնտեղ այլևս մարդիկ չմահանան, բացվեն սահմանները, վերականգնվեն տնտեսական հարաբերությունները: Այս մասին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» թերթում հրապարակված հոդվածում գրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադատնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Միջնորդների համագործակցության շնորհիվ Բաքուն և Երևանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Սակայն Ադրբեջանը և Հայաստանը տարբեր կերպ են տեսնում դրանց իրականացման հաջորդականությունը: Այս կապակցությամբ՝ մեր խնդիրն այն է, որ օգնենք կողմերին՝ ունեցած հիմքի վրա գտնել հավասարակշռված լուծում»,-ասված է հոդվածում:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխադարձ զիջումների քաղաքական կամք և պատրաստակամություն դրսևորել:
«Դա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացը լինի արդյունավետ: Իհարկե, առաջխաղացման կարևոր պայման են մնում հակամարտության գոտում լարվածության ընդհանուր նվազեցումը և դրա լուծման ուժային մեթոդների փորձերից հրաժարումը: Ռուսաստանն, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման տարբերակին, որն ընդունելի կլինի ներգրավված բոլոր կողմերի համար, իսկ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ մյուս միջնորդների հետ միասին հանդես գալ կարգավորման երաշխավոր»,-գրել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին