Քվեարկության օրը լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրեական գործեր
ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ, խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից:
Փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները ոստիկանությանն ու դատախազությանը պահանջներ են ներկայացրել
- «Ազատության» լրագրողի վրա հարձակման միջադեպով նյութեր են նախապատրաստվում