Սրանք ընտրություններ էին՝ փողի և ավելի շատ փողի միջև. Ստյոպա Սաֆարյան
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ափսոսում է, որ իր օգտին ձայն տվող քաղաքացիներն այդպես էլ իրենց չեն տեսնի խորհրդարանում՝ որպես ժողովրդի շահերը ներկայացնող քաղաքական ուժ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Մեզ համար շատ բարդ էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ: ՀՀԿ-ն մինչդեռ տիրապետում էր բոլոր վարչական ռեսուրսներին: Չնայած դրան՝ Ազատ դեմոկրատների ընկալումը հանրության շրջանում շատ դրական էր: Կուսակցությունը հավաքել էր շատ լավ թիմ, ափսոս, որ այդ թիմը շատ ուշ մտավ ընտրապայքարի մեջ: Ելակետային իմաստով՝ մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ համեմատ՝ մենք անհավասար պայմաններում էինք»,- ասաց նա՝ հավելելով, որ անձամբ ինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում աննշան գումար է ծախսել:
Ստյոպա Սաֆարյանն Ազատ դեմոկրատների պարտության խանգարիչ մեկ այլ հանգամանք համարեց սոցիոլոգիական հարցումների նախնական կանխատեսումները, համաձայն որի իրենց ուժը խորհրդարան չի անցնելու:
Բանախոսը շեշտեց, որ ԱԺ ընտրությունները եղել են փողի ընտրություններ, ընտրություններ՝ փողի և ավելի շատ փողի միջև. «Ընտրությունների օրը ականատես եղանք ուղղորդված, վերահսկվող քվեարկության»:
Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց՝ «ինչու է ժողովուրդն ընտրել երկիրը պատերազմի շեմին հասցրած, տնտեսությունը խարխլած ուժին»: Ըստ նրա՝ ազատ կամարահայտության պայմաններում նման բան հնարավոր չէր: