Իրանագետ. ԻԻՀ հոգևոր առաջնորդը Հասան Ռուհանիին տվել է վերընտրվելու լավ հնարավորություն
«Մայիսի 19-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որը լինելու է թվով 12-րդը Իրանի հետհեղափոխական պատմության մեջ: Գործող նախագահ Հասան Ռուհանին պաշտոնավարել է դեռևս մեկ շրջան և հնարավորություն ունի նախագահի պաշտոնը զբաղեցնել նաև առաջիկա չորս տարիների ընթացքում: Ընդ որում հավանականությունը, որ Հասան Ռուհանին կկարողանա վերընտրվել, բավական մեծ է», - այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ մեկնաբանելով ԻԻՀ-ում նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող նախընտրական զարգացումները:
«Այս պահի դրությամբ Հասան Ռուհանին ունի վերընտրվելու լավ հնարավորություն, քանի որ Իրանի հոգևոր առաջնորդն արգելել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջադրել իր թեկնածությունը: Վերջինիս առաջադրվելու դեպքում կլիներ բոլորովին այլ իրավիճակ, քան է այժմ»,- նշեց իրանագետը, ապա հավելեց. «Մահմուդ Ահմադինեժադը, ունենալով նախընտրական պայքարի ու քարոզարշավի ուժեղ փորձ և դրան զուգահեռ իրանական հասարակության տարբեր շերտերում լայն ընդունելություն, կնպաստեր նախընտրական երկբևեռ պայքարի ձևավորմանը»:
Ըստ իրանագետի`ստեղծված իրավիճակում ԻԻՀ քաղաքական երկու հիմնական ուղղություններից մեկի` բարեփոխիչների ճամբարը համախմբվել է գործող նախագահի շուրջ, իսկ պահպանողականներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ընդ որում պահպանողականների մի թևը` այսպես կոչված «ահմադինեժադականները» հենց Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ առաջադրելու են վերջինիս մերձ գաղափարակիցներից Համիդ Բաղայիի թեկնածությունը, սակայն հավանականությունը, որ Սահմանադրության պահապանների խորհուրդը կհաստատի նրա թեկնածությունը չափազանց քիչ է:
Հարցին, թե այնուամենայնիվ ինչպիսի դժվարությունների կարող է հանդիպել գործող նախագահը առաջիկա ընտրություններում և ինչպիսի հավանական մրցակիցներ կարող է ունենալ, իրանագետը տվեց հետևյալ պատասխանը. «Հասան Ռուհանին, վերընտրվելու հետ կապված, հարաբերական դժվարություններ կարող է ունենալ մի պարագայում, եթե պահպանողականների գոնե մյուս հատվածը կարողանա համաձայնության գալ մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ:
Պահպանողականների ճամբարում քննարկումներն ընթանում են հիմնականում հինգ անձի շուրջ` Էբրահիմ Ռաիսի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Փարվիզ Ֆաթթահ, Մեհրդադ Բազրփաշ և Էզաթօլլահ Զարղամի, սակայն որոշակի կոնսենսուս նշված անձանցից կա միայն Էբրահիմ Ռաիսիի շուրջ: Այնուամենայնիվ, այս դեպքում էլ առայժմ անորոշ է այն հարցը, թե որքանով է Էբրահիմ Ռաիսին պատրաստ մտնել պայքարի մեջ Հասան Ռուհանիի հետ, քանի որ պարտությունը կարող է ազդել Ռաիսիի հասարակական իմիջի վրա և փակել նրա առաջ` ԻԻՀ ապագա հոգևոր առաջնորդի նստավայր տանող դուռը»:
«Ապրիլի 11-15-ին տեղի կունենա թեկնածուների գրանցումը, իսկ ապրիլի 26-ին ԻԻՀ Ներքին գործերի նախարարությունը կհրապարակի Սահմադրության պահապանների խոհրդի կողմից հաստատված թեկնածուների անունները, որից հետո իրավիճակի ու սպասվող զարգացումների մասին հնարավոր կլինի ավելի ստոււյգ կարծիք կազմել», - իր խոսքը եզրափակեց Ա. Տոնոյանը: